News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե մի խումբ հավատացյալներ կարողացել են մուտք գործել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս և մոմ վառել ու աղոթք անել այնտեղ: Դիարբեքիրում Akunq.net–ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանից տեղեկացանք, որ եկեղեցու մուտքը պաշտոնապես դեռ փակ է, և այդ մարդիկ կարողացել էին եկեղեցի մտնել մասնավոր կապերի միջոցով: Այնուամենայնիվ, այդ դեպքն առիթ ծառայեց, որ Կարոտ Սասունյանը զարտուղի ճանապարհներով և գրեթե կյանքը վտանգի ենթարկելով` մտնի Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին և լուսանկարներ անի այնտեղ, որպեսզի ամբողջ հայությունը տեղեկանա սույն եկեղեցու ներկայիս վիճակի մասին: Ստորև թուրքերենից թարգմանաբար հրապարակում ենք Կարոտ Սասունյանի հոդվածը և Սուրբ Կիրակոսում նրա արած լուսանկարները:

Կարոտ Սասունյան

Խնկի բույրն առաջին անգամ հենց այս եկեղեցում էի զգացել… Այնքան էր դուրս եկել, որ այդ կիսավեր եկեղեցին պահպանելու նպատակով կից կառույցում ապրող ընտանիքի անդամներից մեկն ինձ մի քանի կտոր խունկ էր տվել` թղթի մեջ փաթաթելով… Այդ կիսաքանդ եկեղեցին Սուրբ Կիրակոսն էր: Ես Սասունի գյուղերից մեկում էի ապրում: Երբեմն, գործի բերումով, Դիարբեքիր էի գալիս: Գալուն պես այցելում էի այդ եկեղեցին, որի տանիքը դեռ լիովին չէր փլվել: Ամեն այցիս հետ նկատում էի, որ եկեղեցու տանիքից երկու կամ երեք քար էլ էր ընկել: Ամեն անգամ մտածում էի` մի՞թե մի ճար չկա: Չկա~ր:

Դիտավորյալ էին թողել, որ այն ավերվի: Դիտմամբ էին պատժում նրան: Եվ եկեղեցին քանդվում էր, ոչնչանում` ցավ քաշելով ու ցավ պատճառելով: Գրքերում էինք ընթերցել, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եղել, որ բաղկացած է եղել յոթ խորաններից, և որ երբ նրա զանգը հնչում էր, ձայնը մինչև Սասուն էր հասնում: Գրքերից էինք իմացել, որ այս եկեղեցու զանգակատունը մզկիթի մինարեից բարձր էր եղել, որի պատճառով այն քանդել էին տվել: Թնդանոթի ռումբերով անգամ չէին կարողացել զանգակատունը հողին հավասարեցնել: Դրա համար էլ Սիրիա «աքսորված» մի հայ ճարտարապետի էին այդ գործը հանձնարարել:

Եկեղեցու բակում ապրող չգիտեմ քանի տարեկան Լուսյեն քույրիկի` չգիտեմ որ համարի ակնոցները լվանում էի` բակում գտնվող փոքրիկ սև բազալտի քարից պատրաստված և երիցուկի նմանվող ջրավազանի անիվի միջոցով ջուր հանելով: Ամեն անգամ աչքերս համբուրելով` օրհնում էր ինձ: Սպասված օրը եկավ… Աստված հոգիդ լուսավորի, Լուսյե~ն քույրիկ (գրված է հայերենով-Ակունքի խմբ): Այլևս այն ջրավազանի անիվը չկա, որ ակնոցներդ լվանք: Գողացել են… Գիտե՞ս` ջուրը չեն կարողացել գողանալ: Թերևս եթե կարողանային, ջուրն էլ կգողանային` ճիշտ այնպես, ինչպես մեր հայրենիքը գողացան… Մեր հայրենիքը կարողացան գողանալ, բայց հողը` ոչ…

Մի օր, երբ խիստ հորդառատ անձրև էր տեղում, նորից Դիարբեքիր էի գնացել: Մտքումս ասում էի` եկեղեցու տանիքի մնացյալ հատվածը չի դիմանա այս անձրևին: Այդպես էլ եղավ: Անձրևը դադարել էր, իսկ եկեղեցու տանիքը` փլվել: Այլևս սկսվել էր անխուսափելի վերջը: Պատերն էլ էին փլվելու, խորաններն էլ… Այսինքն` վախճանվելու էր մեր եկեղեցին: Բակը լցվել էր տանիքի քարերով ու փոշով: «Ի՞նչ է լինելու այս եկեղեցու վիճակը»,-հարցնում էի ես: Անդո հորեղբայրը, աչքերը լցնելով, պատասխանում էր ինձ, դիարբեքիրցի վառարանագործ Անդո հորեղբայրը, ով հայտնի էր նաև Անդրանիկ Զոր անունով:

Նա էլ չէր լքել Սուրբ Կիրակոսը: Հիվանդացավ, ստիպված եղավ հեռանալ Սուրբ Կիրակոսից, ակամա հյուրընկալվեց Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում: Գնաց` չկարողանալով խնկի բույրը նորից շնչել Սուրբ Կիրակոսում… Աստված հոգին լուսավորի (գրված է հայերենով-Ակունքի խմբ)…

Բանակում ինձ թագավորի պես էր դիմավորել սասունցի Դանիել Քոյունջուն: Երեք ամիս անընդմեջ ինձ պահել-պահպանել էր: Ծնվել ու մեծացել էր Դիարբեքիրում: Նա ևս Սուրբ Կիրակոսում շնչել էր խունկի բույրը: Հանձն առավ եկեղեցին վերջնական ավիրումից փրկելու գործը: Նրա դասընկերները բարձր պաշտոններ ունեին: Նաև վերջինների աջակցությամբ Դանիելը գլխավորեց եկեղեցու հիմնադրամի կազմավորման գործը: Եվ` երջանիկ ավարտ. եկեղեցին վերականգնվեց: Քանդված զանգակատան տեղում նույնը կառուցեցին` նախկինի բարձրությամբ: Թեկուզ և հատուկ թույլտվությամբ, այնուամենայնիվ 40 տարի անց առաջին պատարագը մատուցվեց: Աշխարհի բոլոր ծայրերից հայեր էին եկել: Այդ մեծ եկեղեցու ներսն այնքան էր լցված մարդկանցով, որ մեծ մասը բակում էր կանգնել: Այստեղ անգամ կանգնելու տեղ չէր մնացել: Դանիելը շատ երջանիկ էր: Տարիներ անց վերստին խունկի բույրն էր շնչել և այլոց շնչել տվել Սուրբ Կիրակոսում: Սև լուր հասավ. Դանիելի սիրտը կանգ էր առել. չկարողացավ Սուրբ Զատիկը տեսնել, Սուրբ Հարության տոնի..

Տպել
Ամենաշատ