News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների եւ ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի եւ Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել 650-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը եւ երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձեւը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:

Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ ջերմությամբ հիշել ս.թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը:

Վիտոլդ Վաշչիկովսկին Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները:

Զրուցակիցները հայ-լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին եւ Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, ընդգծելով, որ Միության հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Սերժ Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի դերակատարությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ