News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շինարարական ընկերությունը հայտարարում է, որ Աշտարակ-Դավիթաշեն ճանապարհի հատվածի շինարարությունը գրաֆիկից հետ է մնում «Վեոլիա» ընկերության պատճառով։

NEWS.am-ի խմբագրություն էր դիմել «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ շինարարական ընկերության իրավաբան Ալեքսանդր Ալեքսանյանը։ Այս պահին ընկերությունը վրացական Company Black Sea Group-ի հետ շինարարություն է իրականացնում Աշտարակ-Դավիթաշեն ճանապարհի հատվածում, որը Քաղաքային կայուն զարգացման ծրագրի նախագծի մի մասն է, սակայն  բախվել է անկանխատեսելի խոչընդոտների։ Գործակալության թղթակիցները տեղում են ծանոթացել իրավիճակին։

Ընկերության ներկայացուցիչները ցույց տվեցին եւ պատմեցին, որ ապագա կամրջի հիմքից անմիջական հեռավորության վրա ջրատար է անցնում։ Նախագծի համաձայն՝ ընկերությունը նոր ջրատար է կառուցել, որն անհրաժեշտ է միացնել մայր գծին, իսկ հինը դուրս հանել շահագործումից։ Սակայն, «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ ներկայացուցիչները նշում են, որ «Վեոլիա» ընկերությունը հրաժարվում է կատարել միացումը։ Իրավիճակը հատկապես կարեւոր է նրանով, որ հին խողովակաշարի վրա կափույրից կաթում է վայրկյանում 2 լ խմելու ջուր։ Ջուր է կաթում նաեւ ջրատարի մյուս հատվածներում։ Դրան զուգահեռ խնդիրներ են ի հայտ եկել կոյուղու հետ կապված։

«Մենք Աշտարակ-Դավիթաշեն ճանապարհի շինհրապարակում ենք՝ Գեւորգ Չաուշ-Մելքումով հատվածում՝ գործող ջրատարի մոտ։ Շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխատանքները դադարեցվել են։ Հուլիսի 28-ին մենք դիմել էինք «Վեոլիա» ընկերությանը համապատասխան փորձնական աշխատանքների եւ միացման, նոր ջրատարը շահագործման հանձնելու համար։ Սակայն մինչ օրս դա չի արվել։ «Վեոլիայից» անհիմն բացատրություններ ենք ստանում։ Գործող ջրատարից անընդհատ ջուր է հոսում։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արդեն 4 տարի մեծ ճնշման տակ կափույրից ջուր է հոսում։ Այդ խնդրի լուծման համար մենք բազմիցս դիմել ենք «Վեոլիային», սակայն նրանց ներկայացուցիչը հայտարարում է, որ քանի որ ջրատարը շահագործումից դուրս է բերվելու, իմաստ չունի կափույրի վրա գումար ծախսել։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք հղել թե՛ «Վեոլիա» ընկերությանը, թե՛ նախագծի պատվիրատու Երեւանի քաղաքապետարանին, սակայն միայն քաղաքապետարանն է արձագանքել։ Ձեւավորվել է հանձնաժողով, որը տեխնիկական հանդիպում է անցկացրել այս վայրում, արձանագրել համապատասխան վթարը եւ այն փաստը, որ կապալառուն ուշանում է գրաֆիկից, եւ աշխատանքները, որոնք պետք է իրականացվեին օգոստոսին, մինչեւ օրս չեն կատարվել։ Դրանից բացի, շուտով աշնանային անձրեւներ են սկսվելու, եւ աշխատանքներն անհնար կլինի շարունակել»,- ասում է Ալեքսանդր Ալեքսանյանը։

Իրավաբանի խոսքով՝ «Վեոլիան» սեպտեմբերի կեսին մեծ ուշացումով պատասխանեց, որ միացումը չի կատարվի մի քանի պատճառով։ Դրանց թվում նշվում էր, որ խողովակաշարի ռենտգեն փորձարկումներ չեն կատարվել։ Դրան «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ-ից պատասխանել են,  որ ռենտգեն փորձարկումների անցկացումը չի կարող պարտադիր պայման համարվել՝ համաձայն օրենքի պահանջի։ Այդուհանդերձ ռենտգեն փորձարկումներն իրականացվել են, ինչն ընկերությունը կարող է ապացուցել։ Այսինքն՝ մերժման նման «հիմնավորումը» անհիմն է։

«Դրանից հետո «Վեոլիան» մեզ առաջարկեց երրորդ կազմակերպության թեկնածությունը, որը պետք է կատարեր միացումը։ Երբ մենք նրանց ասած կազմակերպությունից նախահաշիվ պահանջեցինք, ստացանք թվեր, որոնք գերազանցում էին համարժեք աշխատանքի արժեքը։ Այդուհանդերձ մենք պահանջեցինք արտոնագիր ներկայացնել, զոդողի վկայական եւ այլ փաստաթղթեր, եւ ընկերությունը հանկարծ հայտարարեց, թե հրաժարվում է աշխատանքից։ Այսինքն՝ ստացվում է, որ «Վեոլիան» պատրաստ էր միացումը կատարել, սակայն պայմանով, որ դա անի ուրիշ կազմակերպություն։ Հիշեցնեմ, որ Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է, նա էր մրցույթ հայտարարել կոնկրետ չափանիշներով եւ որակի պահանջներով։ Դրանց համապատասխանել  է վրացական Company Black Sea Group-ը, եւ «Վահագն եւ Սամվել» ընկերությունը։ Մենք ունենք զոդման եւ միացման աշխատանքների համար բոլոր արտոնագրերը, վկայականներն ու այլ փաստաթղթերը։ Երրորդ ընկերության օգնության կարիքը մենք չունենք»,- նշեց իրավաբանը։

Միաժամանակ, ճանապարհը պետք է շահագործման հանձնվի 2018-ի հոկտեմբերին, եւ արդեն ակնհայտ է, որ գրաֆիկից 3 ամսով ուշանում են։ Տեխնիկան եւ շինարարներն արդեն հսկայական գումարներ արժեն։ Ընկերությունը ստիպված է նորից ծածկել ջրի հոսքից նստող բնահողը, ինչը նույնպես լրացուցիչ ծախսերի հետ է կապված։ Իսկ ամենակարեւորն այն  է, որ թեպետ աշխարհում խմելու ջուրը ոսկուց թանկ է, Հայաստանում ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ, որ այդ ջուրն անիմաստ հողի տակ անցնի, թեպետ բնակչության մի հատված օրական մի քանի ժամով է ջուր ստանում։

«Ահա այստեղ՝ կամրջի հիմքի մոտ, պետք է 7-սմ հողաթումբ լինի, որը չկա, քանի որ հին ջրատարն անջատված չէ։ Բացի այդ, հոսող ջուրը արհեստական ջրամբար է ստեղծել, բնահողը քայքայվում է, այն կորցնում է որակը։ Նույն բանն էլ ավազի հետ է տեղի ունենում։ Առկա է «Էգիս ինտերնեշնլ» ընկերության ինժեներ-երկրաբանի եզրակացությունը։ Այդ հարցով մենք նաեւ դիմել ենք «Վեոլիային», սակայն ապարդյուն։ Ընկերության գործողությունները, ավելի ճիշտ, անգործությունը մեծ վնաս է հասցնում թե՛ պատվիրատուին, թե՛ կապալառուին։

Այս հատվածից բացի, կա նաեւ մեկ ուրիշ՝ ոչ պակաս խնդրահարույց հատված։ Այն «Արմենիա» հեռուստաընկերության մոտ է։ Հողային աշխատանքների ժամանակ կոյուղաջրեր են հայտնաբերվել։ Հետագա աշխատանքների ժամանակ պարզվել է, որ դրանք հոսում են 2 խցանված խողովակներից՝ ասբեստից եւ մետաղական։ Այդ կապակցությամբ մենք նույնպես դիմել ենք «Վեոլիային», սակայն նրանք ասում են, որ ոչինչ չեն կարող անել։ Ստեղծված իրավիճակի պատճառով կանգնած է տեխնիկան, խախտվել է աշխատանքի գրաֆիկը։ Մենք պարտավորվել ենք աշխատանքն ավարտին հասցնել 2018-ի հոկտեմբերին, սակայն արդեն ակնհայտ է, որ եթե աշխատանքի որոշակի հատվածը օգոստոսին չի ավարտվել, ժամկետի մեջ տեղավորվել չի ստացվի, եւ մենք շեղվում ենք սահմանված գրաֆիկից։

Այս պահին, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունն անպատասխան է թողել մեր դիմումները, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Քրիստիան Լեֆեի անունով գրած դիմումը, մենք նամակ ենք գրել ՀԾԿՀ-ին, ստացել ենք նախնական արձագանք․ «Վեոլիա ջուր» ընկերությանը 7 օր է տրվել խնդրի առկայության վերաբերյալ հիմնավոր պատասխան ներկայացնելու համար։ Մենք նաեւ պատրաստվում ենք դիմել ջրային տնտեսության պետական կոմիտե։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ կապալառուին հասցված վնասը պարտադիր կարգով պետք է վերականգնվի։ Հիմա կապալառուի ստեղծած հանձնաժողովը հետազոտություն է անցկացնում հասցված վնասի չափը գնահատելու համար։ Դրանից բացի, բնահողը փոխելու անհրաժեշտության պատճառով է զգալի վնաս հասցվել, որի փոխհատուցումը կարող է կատարվել ծրագրի շրջանակներից դուրս լրացուցիչ աշխատանքների միջոցով»,- ասաց Ալեքսանդր Ալեքսանյանը։

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության տեսակետն այս հոդվածում արտահայտված չէ։ NEWS.am-ը պատրաստ է հրապարակել այն, եթե ընկերությունը որոշի արձագանքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ