News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2017թ. կրթական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները:

Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ երիտասարդները ստացել են նաեւ հուշախորհրդանիշներ եւ դրամական պարգեւներ:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 26 ուսանող եւ 17 աշակերտ 6 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգեւին արժանացել են 452 ուսանող եւ աշակերտ:

Միջոցառման շրջանակներում նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաեւ 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության նախագահը նրանց եւս շնորհավորել եւ խրախուսել է նվերներով:

Պարգեւատրման արարողության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ այս տարվա կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն արդեն տարիներ շարունակ մեր ուշադրության կենտրոնում է եւ մեր առաջնահերթություններից է: Դրա դրսեւորումներից մեկը երիտասարդության ուշադրությունն այս ուղղության վրա սեւեռող այս լավ մրցանակն է:

Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում: Այս բնագավառում մենք առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով: Վստահ եմ, որ հենց այս ձեւով կարող ենք ապահովել թռիչքային զարգացում եւ առաջընթաց արձանագրել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներում:

Գաղտնիք չէ նաեւ, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ եւ մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարեւանների կողմից փակված սահմանների դեպքում: Այս փաստարկի իրավացիության մեջ համոզվելու համար բավական է տեսնել, թե ինչ թափով են այդ երկրներում ձեռքի հեռախոսների վրա ներբեռնում եւ օգտագործում հայ մասնագետների ստեղծած, օրինակ, «ՊիկսԱրտ» հավելվածը: Թող նրանց կառավարությունները որքան ուզում են շարունակել իրենց հաշվարկած՝ իբր թե մեզ խեղդելու քաղաքականությունը: Նրանց պարտադրած կապանքները մենք կարող ենք հաղթահարել մեր երիտասարդների տաղանդի եւ մտքի ստեղծագործական թռիչքի միջոցով:

Սիրելի՛ երիտասարդներ, այս մրցանակը մեր հայրենիքի գիտական եւ տեխնոլոգիական զարգացման միակ գործիքը չէ: Անցած տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել նման բազմաթիվ նախաձեռնություններով: Նրանց անունները ձեզ քաջ հայտնի են՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ այլն: Դրանց լրացնելու է գալիս Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, որն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն «ՖԱՍՏ» հապավումով:

Մենք նաեւ խրախուսում ենք նրանց միջեւ հորիզոնական կապերը եւ համագործակցությունը: Նույն «Լույս» հիմնադրամը դուրս եկավ իր ավանդական շրջանակներից եւ հանդես եկավ որպես «ՖԱՍՏ»-ի՝ զարգացման այդ նոր ծրագրի համահիմնադիր:

Այդ բոլոր գործիքները ստեղծվել են ձեզ համար, սիրելի՛ երիտասարդներ: Դուք պետք է օգտվեք դրանց ընձեռած բոլոր հնարավորություններից: Դուք պետք է լինեք համարձակ եւ երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով:

Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք: Կրկին փորձեք, կրկին ձախողվեք եւ եւս մեկ քայլով մոտեցեք ձեր հաջողությանը: Փորձեք սովորեք, կատարելագործվեք, եւ հաջողությունը չի ուշանա: Դա իմ պատգամն է ձեզ եւ ձեր բոլոր ընկերներին ու հասակակիցներին: Հիշեք՝ շատ եզակի են դեպքերը, երբ գիտության եւ տեխնոլոգիաների

բնագավառներում միանգամից մարդը հասնում է հաջողության: Այո՛, եզակի դեպքեր լինում են, բայց այդ հաջողություններին կարելի է հասնել միայն ու միայն տքնաջան աշխատանքով եւ բազմաթիվ փորձերից հետո:

Մենք՝ Հայաստանի պետությունը եւ մեզ հետ միասին նաեւ մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միշտ լինելու ենք ձեր կողքին, որպեսզի նպաստենք ձեր առաջընթացին եւ հաջողությանը:

Թող այս մրցանակները լինեն ձեր առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում լավ, պայծառ ապագա»,- ասել է նա:

Նշենք, որ 5 տարվա դադարից հետո այսօր եղել է նաեւ «գլխավոր մրցանակ» անվանակարգը: Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսաելյանի խոսքով, այս մրցանակին արժանացել է բացառիկ կարողություններ ունեցող մի անձնավորություն:

«Այս տարվա գլխավոր մրցանակը ստանում է ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանը»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում ֆիզիկայով զբաղվող Թորգոմ Եզեկյանը նշեց, որ այս ոլորտում պատահաբար է հայտնվել:

«Այն ոլորտը, որով զբաղվում եմ, ՏՏ ոլորտի հետ ուղղակի առնչություն չունի, սակայն իմ գիտական ուսումնասիրությունները կարող են օգտակար լինել ՏՏ ոլորտին»,- ասաց նա:

Երիտասարդ գիտնականի կարծիքով, գիտությունն այսօր այնքան էլ գնահատված չէ Հայաստանում, սակայն, ինքը դրանից շատ չի նեղսրտում, որովհետեւ իր սիրելի գիտությամբ է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ