Սաուդյան Արաբիան առաջին երկիրն է, որ  քաղաքացիություն է տվել ռոբոտին: Այդպիսի անսովոր քայլը փորձ է ապացուցելու, որ երկիրը արհեստական ինտելեկտի զարգացման եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն է հանդիսանում, գրում է USA.one-ը:

Սոֆյա անվամբ ռոբոտը, որն ստեղծվել է Հոնգկոնգի Hanson Robotics ընկերության  ինժեներների կողմից, պաշտոնապես Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել Future Investment Initiative նախագծի նիստում հարյուրավոր պատվիրակների առջեւ, ինչի մասին ասվում է  կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

Ռոբոտը քաղաքավարի շնորհակալություն է հայտնել պաշտոնյաներին իրեն արժանացրած պատվի համար:

Ապա ռոբոտի հետ մամուլի ասուլիս է տեղի ունեցել, որի ընթացքում Սոֆյային տարատեսակ հարցեր են ուղղել: Երբ նրան հարցրել են, թե ինչու այդքան երջանիկ տեսք ունի, ռոբոտը պատասխանել է, որ ինքը միշտ երջանիկ է, երբ շրջապատված է  խելացի մարդկանցով, ովքեր նաեւ հարուստ ու ազդեցիկ են:

Սոֆյան նաեւ հայտարարել է, թե հարկ չկա, որ մարդիկ  անհանգստանան արհեստական ինտելեկտի ապստամբությունից, որ ցուցադրվում է հոլիվուդյան ֆիլմերում:

Սոցկայքերը չեն կարողացել շրջանցել այս հետաքրքրական նորությունը; Որոշ օգտատերեր զարմացել են այն փաստից, որ պաշտոնյաները տոնում են կնոջ տեսքով ռոբոտի՝  քաղաքացու իրավունքներ ստանալը, միչդեռ իրական քաղաքացիները, չգիտես ինչու, չեն արժանանում այդ պատվին:

Twitter-ի օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչու Սոֆյայի կողքին  արական սեռի ընկեր չկա, նա հագնված չէ ու չի թաքցնում դեմքը: