News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունում ստեղծվում է շուրջօրյա «Զանգերի կենտրոն», որն աշխատելու է 24 ժամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Զանգեր կատարելու ենք հասարակական կարծիքին ծանոթանալու համար, թե ինչքանով է իրենց գոհացնում առողջապահական ոլորտի ծառայությունները: Սրանից բացի գործելու է նաեւ առողջապահական տեսչության ծառայությունը, գաղտնիք չէ, որ այն երեք տարի տարբեր պատճառներով չէր գործում: Այն իր աշխատանքները կսկսի 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին»,- ասել է Ալթունյանը:

2018 թվականին առողջապահության բյուջեն Հայաստանում կազմելու է 80.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատ 5.8 միլիարդով պակաս: Առողջապահության նախարարը նշել է, որ բյուջեի նվազումը առողջապահական հիմնական ծրագրերի վրա բացասական ազդեցություն չի ունենալու:

«Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր շատ լինել եւ մենք գիտեինք, թե որտեղ էին ծախսելու այդ գումարները: 5,8 միլիարդով նվազել է առողջապահության բյուջեն: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի 1.3 միլիարդ հատկացվել է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցմանն, ապա այն դուրս է գալիս: Մնացած 4,5 միլիարդից 2,5 միլիարդը տնտեսվել էր այն օպտիմալացման ծրագրերից, որը ես իրականացրել էի: Այստեղ մենք ունենք ծառայությունների 4 անգամ կենտրոնացում: Օպտիմալացնում ենք նաեւ ամբուլատորիաներն, այսինքն 2000-ի փոխարեն ընտանեկան բժշկին կցված կլինի 2200 հիվանդ: Այստեղ եւս ունենք զգալի տնտեսում, հիմնական ծրագրերը չեն տուժելու: Երկրի իդեալական առողջապահության բյուջեն կազմում է 280 միլիարդ դրամ: Այսօրվա 80 միլիարդ դրամը կոմպրոմիս է մեր հնարավորությունների եւ պահանջարկի միջեւ: Այստեղ տեսնում ենք, որ 80 միլիարդի եւ 280-ի միջեւ կրճատված 5 միլիարդը սկզբունքորեն ոչ մի բան է: Չեմ կարող ասել, որ իմ նախկինը շռայլում էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում ունենք առողջապահական բյուջեի կրճատումներ: Պետության տնտեսական վիճակը երբ բարվոք է եղել, մեր բյուջեն էլ է բարձր եղել»,- ասաց Լեւոն Ալթունյանը:

Անդրադառնալով կրճատվող բժիշկներին՝ նախարարը նշեց, որ այս պահին երկրում կա 600 բժշկի թափուր աշխատատեղ: Ալթունյանն առաջարկեց նրանց վերապատրաստվել եւ դառնալ նեղ մասնագետ:

«Մեր խնդիրն այն է, որ վերադասավորենք մեր ռեսուրսները: Օրինակ, եթե մեկ հիվանդանոցում կա 60 բժիշկ, բայց հիվանդանոցին անհրաժեշտ է 48-ը, մենք 12-ին առաջարկում ենք վերապատրաստում: Եթե բժիշկը չի ցանկանում իր բնակության վայրը փոխել եւ աշխատել իր մասնագիտությամբ, ապա մենք նրան կառաջարկենք փոխել մասնագիտությունը: Մենք հիմա ունենք հոգեբույժների, պատանատոմների, լաբորատորիայի բժիշկների, անեսթեզիոլոգների, գինեկոլոգների կարիք»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ