News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի հնագետները եւ նրանց եգիպտացի գործընկերները Դեր ալ Բանաթի ղպտիական վանքում հին եգիպտական սարկոֆագ եւ մումիա են գտել՝ թաղված հելլենների իշխանության օրոք, հայտնում է Եգիպտոսի հնագիտությունների նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մումիան լավ վիճակում է, հուղարկավորության վուշե պատանը վնասված չի եղել։ Մումիայի գլուխը ծածկված է սեղմված պապիրուսից պատրաստված դիմակով, որի վրա պատկերված է երկնքի Քխեբր աստվածը։ Մումիայի կուրծքը զարդարված է Իսիդա աստծու պատկերով»,– ասել է Եգիպտոսի Հնագիտությունների հարցերով գերագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա Վազիրին։

Ռուսական հնագիտական առաքելությունը պեղումներ է կատարում Եգիպտոսի մի քանի շրջաններում՝ ափամերձ Ալեքսանդիայում, հնագույն Մեմֆիս մայրաքաղաքում, երկրի հարավում՝ Լուքսորի արվարձաններում։ Սակայն իսկական հաջողությունը բերեց հնագետներին քիչ հայտնի Էլ Ֆայում օազիսը՝ Կահիրեից 100 կմ դեպի հարավ։

Այս շրջանը հին ժամանակներից համարվում էր ոչ միայն Եգիպտոսի, այլ նաեւ Հին Հունաստանի եւ Հռոմի շտեմարանը։ Այստեղ բերք են  հավաքում տարեկան 2 անգամ։ 12-իդ դինաստիայի փարավոններն անգամ մայրաքաղաքը տեղափոխել էին օազիսին ավելի մոտ, երբ Եգիպտոսի մնացած մասը տառապում էր սաստիկ երաշտից։ Էլ Ֆայում օազիսի առավելությունը Քարուն լիճն է, որը, ըստ հետազոտողների, փարավոնների ժամանակաշրջանում շատ ավելի ջրառատ էր եւ թույլ էր տալիս ոռոգման համակարգ կառուցել։

Մումիայի հետագա ուսումնասիրությունները կօգնեն պարզել դրա հուղարկավորման շրջանը, որը, ենթադրաբար, եղել է Եգիպտոսի հելլեն նվաճողների օրոք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ