Եթե Ռուսաստանը ցանկանար տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում, կհրավիրեր նրան, այլ ոչ Լավրովի մակարդակով կհայտարարեր, թե ուրախ կլինենք տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։
«Երբ Լավրովը հայտարարում է, որ ուրախ կլինեն տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում, սա դեռ չի նշանակում, որ նրանք հրավիրում են նրան միանալ ԵՏՄ-ին, կան ավելի ուրիշ հորիզոնական համագործակցության ձեւեր, ինչպես, օրինակ, ազատ առեւտրի գոտին կամ ասոցացված անդամ լինելը, այս պարագայում ԵՏՄ-ում կա Հայաստան, ով այդքան էլ ուրախ չի լինի տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում»,-ասաց Արշակյանը:
Նրա փոխանցմամբ, եթե Ադրբեջանը միանա ԵՏՄ-ին, միությունը սլավոնա-թուրքական միությունից կդառնա թուրքա-սլավոնական միություն, այսինքն՝ գերակշիռ կլինեն թուրքա-մահմեդական բնակչությունը։ «Ինչպես Թուրքիային չեն ընդոունում ԵՄ, այնպես էլ Ադրբեջանին ԵՏՄ-ում չեն ցանական տեսնել, քանի որ 10 մլն թուրքա-մահմեդական բնակչությունը լուրջ թիվ է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում։