News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին ԱԺ-ում կլոր սեղանի շուրջ բանավեճի ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի կողմնակիցներին առաջարկով են հանդես եկել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից մեկի՝ Սարգիս Բաղդալյանի խոսքով Հայաստանի կառավարությունը պետք է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն վարի:

Նա երկու հիմնական առաջարկություն է ներկայացրել, որոնց տակ ստորագրել են 320 մարդ, որոնց թվում ուսանողներ, պրոֆեսորներ, դասախոսներ եւ գիտնականներ:

«Կառավարությունը պետք է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն մշակի, ինչը կնպաստի գիտության եւ կրթության անընդհատ զարգացման հնարավորության ապահովմանը, ընդ որում՝ բացառելով կոռուպցիոն բաղադրիչը»,- հստակեցրել է Բաղդալյանը:

Նա առաջարկել է բակալավրիատի քառամյա կուրսի ընթացքում ծառայել բանակում 1,5 տարի, որը բանակին հնարավորություն կտա «գալ բուհեր», այլ ոչ թե հակառակը:

«Բանակում 2 ամիս ծառայելու եւ ուսման հերթագայությունը սովորողին թույլ կտա բանակի հետ մշտական կապը պահպանել: Դա հնարավորություն կտա բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջադրել»,- նշել է նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ մինչ այժմ բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, իսկ դա մատնանշում է այդ ոլորտի բացթողումները:

Իր հերթին նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանն ընդգծել է, որ դրա շնորհիվ բոլորը հնարավորություն կունենան ծառայության անցնել հայկական բանակում, իսկ զինծառայողը չի կտրվի քաղաքացիական կյանքից, եւ երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը որոշ չափով կլուծվի:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ը նոյեմբերի 15-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որով չեղյալ է համարվում ուսման հիմքով տարկետումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ