News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլոր այն երիտաարդները, որոնք բարձրագույն կրթության այս կամ այն փուլում գրանցելու են նշանակալի հաջողություններ կառավարության կողմից պետք է ստանան տարկետման իրավունք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարություն են տարածել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները: Տարկետման իրավունք ստացած երիտասարդները պետք է անպայման պայմանագիր կնքեն, որի համաձայն ասպիրանտուրան ավարտելուց հետո պարտադիր կերպով, ամենաքիչը 5 տարի, պետք է աշխատանքի անցնեն գիտակրթական հաստատությունում: 
Երիտասարդները նաեւ կառավարությանն առաջարկում են ստեղծել այնպիսի տարբերակ, որի դեպքում ծառայությունն  ու կրթությունը ոչ թե իրար կբացառեն, այլ կփոխլրացնեն. «Ուսանողին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի ծառայության որոշակի հատված անցկացնի համալսարանում սովորելու 4 տարիների ընթացքում»:
Առաջարկում մասնավորապես ասվում է.
«Սույն ծրագրի նպատակն է առաջադրել պարտադիր զինվորական ծառայության եւ կրթության անընդհատության սկզբունքների համադրությամբ այնպիսի մոդել, որի կիրառման միջոցով հնարավոր կդառնա մի կողմից ապահովել զինապարտ բոլոր երիտասարդների մասնակցությունը զինվորական ծառայությանը, մյուս կողմից պահպանել կրթական ցիկլին առանց ընդհատումների մասնակցելու ուսանողների հնարավորությունը։ 
Առաջարկվող ծրագրի էությունը զինվորական ծառայությունը ուսումնական գործընթացի հետ զուգահեռելու մեխանիզմի ներդրումն է, որի շնորհիվ երկաստիճան բարձրագույն կրթության 4 եւ 2 տարվա ցիկլերը պլանավորվեն այնպես, որ դրանց ընթացքում հնարավոր դառնա համապատասխանաբար 18 եւ 6 ամիսների ծառայության ներդաշնակ համադրումը։ 
Առաջարկվող ծրագիրը հանդիսանում է այլընտրանքային հնարավորություն զինապարտ ուսանողների համար եւ ներդրվելու եւ իրականացվելու է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին զուգահեռ։ Առաջարկվող երեք ծրագրերի համադրությունը միաժամանակ ուսանողներին տալիս է ընտրության հնարավորություն, պահպանում է կրթության անընդհատության սկզբունքը եւ զտում է առավել պատրաստված եւ զինվորական կարիերան ընտրած երիտասարդներին «Պատիվ ունեմ» ծրագրի համար՝ լրացուցիչ արժեք տալով վերջինին»։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Տպել
Ամենաշատ