Թուրքիայի իշխանությունները թուրքական Halkbank բանկի նախկին տնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլայի գոծով վկաներին կալանավորելու օրդեր են տվել. Աթիլլայի գործով դատաքննությունը ամերիկյան դատարանում սկսվել է նոյեմբերի 27-ին: Reuters-ը հայտնում է, որ Թուրքիայի իշխանությունները համարում են, որ վկաները՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Հայքան Էրդեմիրը եւ բանկային աուդիտոր Օսման Զեքի Քանիթեզը իբր կեղծ ապացույցներ եւ փաստաթղթեր են ներկայացրել:

Ի դեպ, Մեհմեթ Հաքան Աթիլլան այս գործով միակ ամբաստանյալն է: Բիզնեսմեն Ռեզա Զարրաբը դատարանի դահլիճում չէր, եւ դատավոր Ռիչարդ Բերմանը հայտնել է, որ այս շաբաթ Զարրաբը դատարանի դահլիճում չի լինի: Աթիլլան իրեն մեղավոր չի ճանաչել:

Հիշեցնենք, որ իրանա-թուրքական բիզնեսմեն Ռեզա Զարրաբին ԱՄՆ-ում կալանավորել են անցյալ տարվա մարտին: Նրան մեղադրում են ապօրինի ֆինանսական գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք Իրանին թույլ էին  տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները 2010-2015 թթ․։ Մեղադրանքն առաջադրվել է այս տարվա սեպտեմբերին: Զարրաբից բացի, մեղադրանք է առաջադրվել նաեւ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Չաղլայանին, պետական բանկի նախկին ղեկավար Ասլանին եւ եւս 2 թուրք պետական ծառայողների: Չորսին էլ մեղսագրվում է փոխադարձ համաձայնությամբ ԱՄՆ ֆինանսական համակարգի օգտագործմամբ հանցարարք՝ հարյուրավոր միլիոն դոլարի գործարքներ իրականացնելու համար հօգուտ Իրանի կառավարության եւ ձեռնարկությունների, որոնք գտնվում էին ամերիկյան սահմանափակող միջոցառումների ներքո:

Զարրաբին կալանավորելուց 1 տարի հետո՝ 2017-ի մարտին, թուրք ազդեցիկ բանկիր եւ Turkiye Halk Bankasi AS բանկի ղեկավարի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլան ձերբակալվել է այս սխեմայի հետ կապված Զարրաբի հետ դավադրության մեղադրանքով:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ Զարրաբը համաձայնվել է քննության հետ համագործակցել՝ վկաների պաշտպանության ծրագիրը գործարկելու դիմաց: Որոշ լրատվամիջոցներ հենց սրանով են պատճառաբանում այն փաստը, որ Զարրաբը դատարանի դահլիճ չի բերվում, ի դեպ նրան չեն գտնում նաեւ ամերիկյան ոչ մի բանտում: Ակարան բազմիցս պահանջել է Զարրաբին արտահանձնել, ում սերտ, այդ թվում՝ ֆինանսական հարաբերություններ են կապում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինը վախենում է, որ Զարրաբը կարող է ամերիկացի քննիչներին տեղեկություններ հայտնել, որոնք իրեն խոցելի կդարձնեն: