ԱՄՆ-ում որքան մոտենում է իրանա-թուրքական բիզնեսմեն Ռեզա Զարրաբի դեմ դատավարության սկիզբը, Անկարան անքան նյարդայնանում է՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առանց այն էլ լարված հարաբերություններում հռետորաբանությունը խստացնելով: Էրդողանը եւ նրա մերձավոր շրջապատը առաջիկա դատավարությունը «Թուրքիայի դեմ դավադրություն» են որակում՝ ակնարկելով Էրդողանի տեսանկյամբ աշխարհի բոլոր մեղքերի համար մեղավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի նենգությունները: «Սա քաղաքականացված գործ է, որն իրավական հիմքեր չունի»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ հավելելով, որ բոլոր ապացույցներն ապօրինի են եւ դրա հետեւում Գյուլենն է կանգնած:

Ինչո՞ւ է Անկարային եւ անձամբ Էրդողանին մտահոգում 34-ամյա միլիարդատիրոջ ճակատագիրը, որի համար դեռեւս վարչապետ եղած ժամանակ փորձել է բարեխոսել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մոտ: Արդյոք ոչ ա՞յն պատճառով, որ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Զարրաբը համաձայել է մեղադրող կողմի հետ համագործակցել վկաների պաշտպանության դիմաց: Ամերիկացի դատախազներին ի՞նչ կարող է հայտնել միլիարդատերը, որը Էրդողանի կնոջ կազմակերպությանը 4 մլն դոլարից ավելի նվիրատվություն է արել: Ակնհայտ է, որ առաջիկա դատավարությունը, որը կսկսվի նոյեմբերի 27-ին, առաջացնում է Էրդողանի նյարդային ջղաձգությունն ու վախը...

Ո՞վ է Ռեզա Զարրաբը

Նա ծնվել է Թավրիզում, մեծացել է Ադրբեջանում եւ Թուրքիայում: Նա երկքաղաքացիություն ունի՝ Իրանի եւ Թուրքիայի: Չնայած ըստ որոշ չհաստատված տեղեկությունների՝ նաեւ Ադրբեջանի եւ Մակեդոնիայի քաղաքացի է: Նրա հայրը՝ Հուսեյն Զարրաբը, սերտ հարաբերություններ ուներ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահամադինեժադի հետ: ԱՄՆ-ն Հուսեյնին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման մեջ եւ նրան տուգանել է 9,1 մլն դոլարով, որն ԱՄՆ-ի հետ համագործակցելու դիմաց կրճատվել է մինչեւ 2,3 մլն դոլար:

Զարրաբն ամուսնացած է թուրք փոփ աստղ Էրբա Գյունդեշի հետ: Ռեզան իր բիզնեսը հիմնել է 2008 թվականին Թուրքիայում՝ ստեղծելով Royal Maritime A.S ընկերությունը: Նշվում է, որ Ռեզա Զարրաբը թուրքական քաղաքացիությունը գնել է 1,5 մլն դոլարով:

Բիզնեսմենն ահռելի ակտիվներ ունի՝ ներառյալ անշարժ գույքի 20 օբյեկտ, 17 շքեղ ավտոմեքենա, 7 զբոսանավ, օդանավ, 10 մլն դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործությունների հավաքածու: Նրա ձեռնարկությունները տարեկան ավելի քան 11 մլրդ դոլար են վաստակում:

Ռեզա Զարրաբն ու թուրքական «Մեծ կաշառքը»

2013 թվականին Թուրքիայի իշխանությունները Ռեզա Զարրաբին ձերբակալել էին: Զարրաբին կասկածում էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մեհմեթ Զաֆեր Չաղլայանին եւ Halkbank պետական բանկի նախագահ Սուլեյման Ասլանին կաշառելու մեջ: Քննությամբ պարզվել է, որ  Halkbank-ը  միջնորդ է եղել միջոցները չինական եւ թուրքական դրածո ընկերություններին փոխանցելիս եւ Իրան ոսկի փոխադրելիս, որը գնվել է այս փողերով: Այդ ժամանակ Զարրաբն ազատվեց՝ հավանաբար իշխանական շրջանակներում իր կապերի շնորհիվ, հայտնում է Al Monitor-ը:

Ինչպես գրում է «Վերսիան»,  «Մեծ կաշառքի» հետաքննության նյութերի հիման վրա պատրաստված հրապարակումները Ռեզա Զարաբին անվանում են հանցավոր խմբավորման ղեկավար, որը փողերի լվացման ապօրինի գործողություններ է իրականացնում եւ զբաղվում է Թուրքիայում ոսկու մաքսանենգ վաճառքով:

Բնականաբար, նույնիսկ կազմակերպչական հատուկ տաղանդի առկայության դեպքում Զարրաբը երբեք չէր կարողանա գլուխ բերել ողջ այդ ծրագիրը, եթե չլիներ քաղաքական պաշտպանությունը հենց Թուրքիայում: Համաձայն նույն հետաքննության նյութերի՝ կոմբինատորի խմբի մեջ են ընդգրկվել նաեւ թուրք երեք նախարարների որդիներ եւ եւս մի քանի պաշտոնյա: Իսկ կաշառքի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 66 միլիոն դոլար: Հետաքննության վարկածով՝ ամենաշատը ոսկեզօծվել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը. նա որպես կաշառք ստացել է 50 միլիոն դոլար անձամբ Զարրաբից:

Չնայած բոլոր մեղադրանքներին, քաղաքական տանիքն աշխատել է նույնիսկ հիմնական գործող անձանց կալանքից հետո, որոնք ձերբակալվել էին մեկ շաբաթվա ընթացքում՝ 2013-ի դեկտեմբերի 17-25-ը:

Մեկ տարի անց՝ 2014-ի աշնանը, Ստամբուլի դատախազությունը գործը փակել է: Այն ժամանակվա վարչապետ եւ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հետաքննությունը մեկնաբանել է որպես «արտասահմանում սադրած դավադրություն»:

Զարրաբին ջրից չոր դուրս գալ չհաջողվեց: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց խուսափել ոսկու գործով մեղադրանքներից: Ամենը սահմանափակվեց շինարարական գործարարության մեջ կաշառք վերցնելու  մեղադրանքներով: Արդյունքում՝ իրանա-ադրբեջանա-թուրքական հպատակը կարողացավ խուսափել պատժից:

Կալանք ԱՄՆ-ում

2016 թվականի մարտին բիզնեսմենին կալանավորեցին այս անգամ ԱՄՆ-ում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան կասկածում էր ապօրինի ֆինանսական գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք Իրանին թույլ էին  տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները 2010-2015 թթ․։ Մեղադրանքը ներկայացվել  էր այս տարվա սեպտեմբերին։ Զարրաբից բացի, այն ներկայացվել է նաեւ նախկին նախարար Չաղլյանին, Պետբանկի նախկին ղեկավար Ասլանին եւ եւս 2 թուրք պաշտոնյայի։  Բոլորին մեղադրում են դավադրության եւ ԱՄՆ ֆինանսական համակարգը Իրանի կառավարության օգտին հարյուրավոր միլիոն դոլարների գործարքներ կնքելու  համար օգտագործելու մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Զարրաբին սպառնում է 75 տարվա ազատազրկում։ Կալանավորումից հետո նրա փաստաբանները 50 մլն դոլար գրավ առաջարկեցին։ Սակայն դատարանը մերժեց գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությունը։ Այն ժամանակվա դատախազ Փրիի Բհարարան հայտարարեց, թե Զարրաբը կարող է փախչել Թուրքիա։ Ի դեպ, Բհարարայի պաշտոնանկությանը հասավ հենց ինքը՝ Էրդողանը։ Եվ երբ նախագահ Թրամփը նրան ազատեց 45 այլ դատախազների հետ, Անկարայում այդ նորությունը ցնցծությամբ ընդունեցին։ Իսկ օրերս Թուրքիայում Բհարարայի դեմ հետաքննություն սկսվեց Գյուլենի հետ կապերի կասկածանքով։

«Զարրաբի սխեմայում», ինչպես նրան անվանում են ամերիկյան իշխանությունները, օգտագործվել են կեղծ ընկերություններ, օրինակ, Թուրքիայից կամ ԱՄԷ-ից, ինչպես նաեւ բանկային գործարքների կեղծ հաշիվներ եւ սխալ կամ թերի ցուցումներ, որոնց շնորհիվ հանցագործները կարողացել են ամերիկյան ֆինանսական հաստատություններից թաքցնել այն փաստը, որ միջազգային դրամական փոխանցումների հետեւում իրականում կանգնած են եղել Իրանի իշխանությունները եւ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունները, գրում է OCCRP-ը։

Զարրաբը սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի հետ։ Գրավի դիմաց ազատվելու դրա դիմումի համաձայն՝ 2013-2016թթ․ գործարարը մի քանի մլն դոլար է նվիրաբերել Էրդողանի կնոջ՝ Էմինեի հետ կապված Togem-Der կազմակերպությանը։

Զարրաբի կալանքից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, ազդեցիկ թուրք բանկիր Turkiye Halk Bankasi AS-ի փոխնախագահ Մեհմեդ Հաքան Աթիլլան ձերբակալվել էր Զարրաբի հետ այդ սխեմայով դավադրություն  կազմակերպելու մեղադրանքով։

OCCRP-ի եւ դանիական Berlingske պարբերականի ձեռքում հայտնված բանկային փասատաթղթերի 2 փաթեթներից պարզ է դառնում, որ դրամական գործարքներից բացի, միջոցները նաեւ փոխանցվել են ԵՄ-ում 2 բանկերով Hanedan ընկերության միջոցով։

2013-ի մայիսին եւ հունիսին Զարրաբին ենթակա ընկերությունը ավելի քան 4 մլն դոլար էր ստացել ադրբեջանական լվացքատան առանցքային ընկերություններից մեկից՝ Մեծ Բրիտանիայում գրանցված LCM Alliance LLP-ից։

Ու՞ր է անհետացել Զարրաբը

Զարրաբն ԱՄՆ բանտերում չէ։ Bloomberg-ն ու ամերիկյան այլ լրատվամիջոցներ գրում էին, որ այս տարվա աշնանը Զարրաբին տեղափոխել են բանտից, որտեղ նա գտնվում էր կալանքից հետո։ Սակայն թե կոնկրետ ուր՝ հայտնի չէ։ «Նման  բան հնարավոր է, եթե մեղադրյալը համաձայնել է համագործակցել հետաքննության հետ»,- հայտնել էր գործակալության զրուցակիցը։ Նախնական լսումներին Զարրաբը նույնպես ներկա չէր։ Անկարայում սկսեցին ավելի շատ նյարդայնանալ եւ պահանջեցին հայտնել, թե ուր է կորել նա։ Բայց ապարդյուն։ NBC-ն ենթադրում է, որ Զարրաբը կարող էր համագործակցության գնալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործով, որին կասկածում են այն բանում, որ նա էրդողանից 15 մլն դոլար է ստացել, Զարրաբի ազատումը կազմակերպելու եւ Գյուլենի արտահանձնումը կազմակերպելու համար։

Զարրաբի կալանքից անմիջապես հետո Al-Monitor-ը հայտնում էր, որ շատերը ենթադրում են, որ Զարրաբը չէր կարող չիմանալ, որ իրեն ԱՄՆ-ում  կալանք է սպասում, եւ որ նա չէր մեկնի այնտեղ՝ առանց ԱՄՆ իշխանությունների հետ գործաք կնքելու։ «Նա կարող է դաշնային իշխանություններին տեղեկություն բացահայտել, որը վերաբերում է թուրք պաշտոնյաներին եւ կարող է օգտագործվել որպես Էրդողանի վրա ճնշում գործադրելու միջոց»։

Հենց Զարրաբի գործի հետ են կապում Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների կալանավորումը։ Փորձագետները ենթադրում են, որ Էրդողանը փորձում է այդպիսով շանտաժի  ենթարկել Վաշինգթոնին։ «Նրանք (թուրքական իշխանությունները) այդ մարդկանց օգտագործում  են որպես գերիների։ Նրանք մտածում են, որ կարող են օգտագործել նրանց, որպեսզի հասնեն Զարրաբի ազատմանը»,- The Daily Beast-ին հայտնել է Պետդեպի աշխատակից պրոֆեսոր Հենրի Բարքեյը։

Նրա խոսքով, եթե Զարրաբը համաձայնի համագործակցել ԱՄՆ-ի  հետ, նրա ցուցմունքները կարող են լուրջ ցնցումների հանգեցնել թուրքական իսթեբլիշմենթում՝ ներգրավելով բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ հենց Էրդողանին։ «Բայց դա շատ խնդրահարույց է հենց Զարրաբի համար, նա երբեք չի կարող վերադառնալ Թուրքիա»,- ասել է Բարքայը։ «Նա, ըստ էության, փախուստի մեջ կմնա, քանի որ Թուրքիայում ուղղակի կխելագարվեն, եթե նա հասնի նրանց»։