Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը կլինի նախկինից ավելի ուժեղ, սակայն պատերազմի ավարտին տանող դիվանագիտական ուղին մնում է բաց, հաղորդում է Mehr-ը։
«Եթե մեր թշնամիները ընտրեն ռազմական առճակատումը, նրանք կբախվեն պատասխանի, որը շատ ավելի հզոր կլինի, քան նախկինում։ Իսկ եթե նրանք ընտրեն դիվանագիտական ճանապարհը, մենք պատրաստ ենք արժանապատիվ լուծման հասնել դիվանագիտական միջոցներով», — ասել է Արաղչին Իրանում դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նախարարի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին Նյու Յորքում իրանական պատվիրակության մասնակցության ընթացքում Թեհրանը ցույց է տվել պատերազմին և խաղաղությանը վերաբերող լուծումներ փնտրելու պատրաստակամություն։ Արաղչին հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու փորձերը նպատակին չեն հասել, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն կարող փոխել իրավիճակը։
«Մենք հաստատակամ և վճռական ենք ինքնապաշտպանության և դիվանագիտության առաջմղման հարցում», — ընդգծել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը նույնքան լրջորեն է տրամադրված խաղաղ լուծում փնտրելուն, որքան ռազմական սպառնալիքներից պաշտպանվելուն։ Նրա կարծիքով, պատժամիջոցներն ու ռազմական գործողությունները չեն կարող ապահովել հակամարտության կարգավորում, մինչդեռ դիվանագիտական լուծումը կարող է հանգեցնել «Իրանի դեմ ագրեսիայի» դադարեցմանը։
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Պարսից ծոցի արաբական երկրների հետ շփումներին։ Նա անցած հանդիպումները բնութագրել է բարեկամական և հայտարարել այդ պետությունների հետ հարաբերություններում «նոր ուղու» մեկնարկի մասին՝ նշելով տարածաշրջանում կայունության ապահովման հարցում ընդհանուր շահագրգռվածությունը։
Խոսելով եվրոպական երկրների մասին՝ Արաղչին կոչ է արել նրանց վերանայել Իրանի նկատմամբ իրենց մոտեցումը և երկխոսության մեջ մտնել Թեհրանի հետ, որպեսզի, իր արտահայտությամբ, չներքաշվեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «պատերազմ հրահրելու» մեջ։
Նա նաև «անհեթեթ» է անվանել Նյու Յորքից իրանական դիվանագիտական պատվիրակությանը արտաքսելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները։ Արաղչին հայտնել է, որ իրանական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ և լքել երկիրը նախապես ծրագրված ժամանակացույցին համապատասխան։




























