Տասներկուամյա աղջիկ է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել են Բալթիմորի Լեոն Դեյի այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է NBC News-ը։

Նախնական տվյալներով, հրաձգությունը սկսվել է ավտոկայանատեղիի պատճառով ծագած վեճից հետո, հայտնել են տեղական իշխանությունները։

Բալթիմորի ոստիկանության կոմիսար Ռիչարդ Ուորլին հայտարարել է, որ ոստիկանությունը որոնում է երկու հրաձիգի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու տեսակի զենքերից կրակված պարկուճներ։

Ուորլին հայտնել է, որ երկու տղամարդիկ վեճի են բռնվել, որից հետո կրակել են միմյանց ուղղությամբ։ Աղջիկը, որը, ենթադրաբար, եկել էր այգի՝ ֆուտբոլային խաղ դիտելու, հայտնվել է կրակի գծում և զոհվել։

Նրա հետ տուժել են նաև 25-ամյա մի կին և 23 ու 28 տարեկան երկու տղամարդ։ Կինը գտնվել է աղջկա կողքին։ Ըստ կոմիսարի, մեծահասակների վնասվածքները նրանց կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։

«Վեճը, ամենայն հավանականությամբ, ծագել է ինչ-որ հիմար ավտոկայանատեղիի պատճառով», — ասել է Ուորլին մամուլի ասուլիսի ժամանակ։

Բալթիմորի քաղաքապետ Բրենդոն Սքոթը տեղի ունեցածը վրդովեցուցիչ է անվանել։ «Երկու տղամարդ, կամ այսպես կոչված տղամարդ, վեճի մեջ են մտել, և հիմա այդ աղջիկն այլևս չկա», — հայտարարել է նա։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Charm City Buccaneers մանկական ֆուտբոլային լիգայի խաղի ժամանակ։ Մարզիչ Մարկ Բրաունը հայտարարել է, որ հակամարտությունը կապված չի եղել խաղի մասնակիցների կամ կազմակերպիչների հետ։ Ըստ նրա, լիգան գոյություն ունի արդեն 29 տարի, և նախկինում նման բան երբեք չի եղել։

«Սա տեղի է ունեցել ավտոկայանատեղիի պատճառով։ Սա հնարավոր էր կանխել», — ասել է Բրաունը։