Արաբական երկրները, այսօր՝ դեկտեմբերին 9-ին նախատեսված Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ նիստում մտադիր են միասնական մոտեցում մշակել ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո այդ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նշված է համաարաբական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամենաբարձր մակարդակով խորհրդակցություններ են ընթանում՝ շաբաթ օրը՝ Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների նիստի ժամանակ, միասնական արաբական դիքորոշման մշակման նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը արաբական երկրների բոլոր բնակիչների՝ թե՛ քրիստոնյաների, թե՛ մուսուլմանների համար կարեւոր կրոնական նշանակություն ունեցող «Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված մեքենայությունները» անթույլատրելի էր համարել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը կվնասի արաբա–ամերիկյան հարաբերություններին։