News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում շուրջ 200-ից ավելի ընտանիքներ դեռ ապրում են 1988 թվականի երկրաշարժից հետո որպես ժամանակավոր կացարան հատկացված փայտաշեն տնակներում: NEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակչուհի ,մանկավարժ Զարուհի Մատինյանը պատմեց, որ փայտե շենքերը  տարիների ընթացքում քայքայվել են եւ ներկայումս  բնակության համար վտանգավոր են դարձել:

«Մեր տունը փլվել էր եւ երկրաշարժից հետո տեղ չունեինք մնալու: 1989 թվականի նոյեմբերից մենք այս բնակարաններում ենք ապրում: Այն ժամանակ այս բնակարանները ավելի հարմարավետ էին, քան տնակները, մենք էլ այստեղ տեղափոխվեցինք բնակվելու: Փայտը տարիների ընթացքում մաշվել է, որ քամի է լինում, տան մեջ վարագույրները շարժվում են, պատկերացրեք: Փայտը չորացել է, ու պատերի արանքից օդ է գալիս, դա դեռ լավ է, ավելի ահավոր է անձրեւների ժամանակ, տունը լրիվ ջուր լինում»,-ասաց տիկին Մատինյանը:

Նա նշեց, որ փայտե տները վառարանով են ջեռուցում, որը շատ վտանգավոր է:

«Փայտե բնակարաններում արդեն հնարավոր չէ ապրել, քանի որ իրենց սպառել են, նկուղային հարկերը լրիվ ջրի մեջ են, ապրել հնարավոր չէ»,-ասաց Զարուհի Մատինյանը:

Աշոտաբերդի բնակչուհու խոսքով` իրենց ընտրությունից ընտրություն խոստումներ են տալիս, որոնք մնում են միայն խոստումների մակարդակում:

«Բնակիչներով հավաքվել, դիմել ենք քաղաքապետարան, սակայն դեռ ոչ մի նորություն չկա, իրենք էլ սպասում են, որ Կառավարությունը ֆինանսավորի»,-ասաց Զարուհի Մատինյանը:

Նշենք, որ երկհարկանի, փայտաշեն 24 տնակներից բաղկացած այս թաղամասը՝  296 բնակարանով,  ձեւավորվել է երկրաշարժից հետո՝ 1989թ.: Այդ ժամանակ փայտաշեն բնակարան ստանալը մեծ հաջողություն էր անօթեւան մնացած ընտանիքների համար, սակայն վերջիններս դժվար թե պատկերացնեին, որ աղետից 29 տարի անց էլ իրենք կշարունակեն ապրել այդ կացարաններում:

Տպել
Ամենաշատ