ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով ոչ մի արդարացում չունի եւ դատապարտվում է բոլոր արաբական պետությունների կողմից։ Այս մասին ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Ղեյտը՝ Կահիրեում ելույթ ունենալով ԱԳ նախարարների մակարդակով արտահերթ նիստի բացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ վարչակազմի որոշումը Երուսաղեմի հարցով դատապարտվում է եւ մերժվում մեր կողմից։ Այն չի կարող արդարացված լինել ոչ մի կերպ եւ ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարել էր, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք եւ Պետդեպարտամենտին հանձնարարել էր սկսել Թել Ավիվից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը։
Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա–իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից է։ Իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ժամանակ զբաղեցրել էին քաղաքի արեւելյան հատվածը եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաք։