News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երուսաղեմում հայկական թաղամասերի համար անմիջական սպառնալիք չկա։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասել է International Studies վերլուծական պորտալի ղեկավար, Իսրայելի հարցերով փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։

Պարո՛ն Մելքոնյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ «ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք»։ Իր ելույթում Թրամփը նաեւ նշեց, որ հանձնարարել է պատրաստվել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ԱՄՆ նախագահը Մերձավոր Արեւելքի համար այս դժվարին ժամանակներում կատարեց այդ քայլը։

Իսկապես, ինչպես նշում են բոլոր փորձագետները, այդ քայլը բացարձակ անտրամաբանական է։ Ակնհայտ է, որ ամերիկյան եւ իսրայելական կողմերը նախապես քննարկել են նման որոշման ընդունման ժամանակը՝ ընտրելու ավելի կամ պակաս հարմար ժամանակը։ Թե ինչու ամերիկացիները որոշեցին հենց այս պահին նման քայլ անել, ավելի լավ է հարցնել ամերիկացի մասնագետներին, բայց կան մի քանի գործոններ, թե ինչու հենց հիմա Իսրայելը ստացավ առավելագույն դիվիդենտներ այդ հռչակումից հետո։ Անհրաժեշտ է ընդգծել, որ քաղաքական իրավիճակը անսովոր կայուն է Իսրայելում, քանի որ վարչապետի նկատմամբ աննախադեպ թվով հետաքննություններ են սկսվել, այսպես կոչված գործ 1000, 2000, 3000։ Ամենահայտնին թիվ 3000 գործն է՝ գերմանական սուզանավերի գնման վերաբերյալ։ Դա խոշորագույն կոռուպցիոն սկանդալ է, թեեւ առայժմ վարչապետին մեղադրանքներ չեն առաջադրվել։ Աջերի դիրքերը, սակայն, թուլացել են, հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքները ցույց են տալիս, որ նրանք զգալիորեն կորցրել են իրենդ դիրքերը։ Ավելին, Իսրայելի որոշ հանրային գործիչներ խոսում են հնարավոր վաղաժամ ընտրությունների մասին՝ պոտենցիալ քաղաքական ճգնաժամի պատճառով։ Դա կապված է նաեւ նրա հետ, որ մի շարք նախարարների դեմ եւս քրեական գործեր են հարուցված, այդ թվում՝ սոցիալական ապահովության նախարար Խաիմ Կացի դեմ։ Անցած շաբաթ հանրային դժգոհության ալիք բարձրացավ, առաջին հերթին կրոնական հողի վրա, եւ «Յակո» դաշինքի կազմում ընդգրկված նախարարը հրաժարական տվեց։ Նշվում էր, որ չի կարելի շաբաթ օրը վերանորոգման աշխատանքներ կատարել, եւ դրանից հետո ճգնաժամ սկսվեց։ Ուստի վարչապետի համար Թրամփի որոշումը հիանալի հնարավորություն է։ Իսրայելական կառավարությունը կարողացավ դրանով ամրապնդել իր դիրքերը։ Նոյեմբերն էլ խորհրդանշական էր Իսրայելի համար, եւ կառավարությունը յուղոտ վերջակետ դրեց՝ բարձրացնելով իր վարկանիշը։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ը մենակ մնաց, մյուս անդամները իրար հետեւից քննադատեցին Վաշինգթոնի որոշումը։ Այսօրվա դրությամբ իսրայելական ոստիկանության հետ բախումներում տուժել է 800 մարդ, կան զոհեր։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, հնարավո՞ր է նոր ինթիֆադա։

Եկեք հիշենք, թե ինչից սկսեց առաջին ինթիֆադան։ Այն ծագեց դատարկ պատճառից՝ ճանապարհատրանսպորտային պատահարից, պաղեստինցիների շրջանում դժգոհություն սկսվեց, իսկ Յասեր Արաֆաթը օգտվեց առիթից եւ ինթիֆադա հայտարարեց։ Այժմ իրավիճակն արմատապես այլ է։ ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայնության հասնելու բազմակի ապարդյուն փորձերն ամրացնում են պաղեստինյան հանրության մեջ առանց այն էլ առկա պառակտումը։ ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը դեռ որեւէ նման հայտարարություն չի անի, քանի որ լրջորեն տարբերվում է Արաֆաթից։ Մահմուդ Աբասը մեղմ անձնավորություն է եւ հարցի ուժային լուծման կողմնակից չէ։ Իսկ ինթիֆադա կարող է սկսել, եթե ժողովուրդն ուժեղ առաջնորդ ունի, կամ արտաքին աջակցություն կա։ Նման աջակցություն հենց հիմա կարող է տրամադրել Իրանը, որն այդ խաղաքարտը կարող է օգտագործել ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի դեմ՝ կիրառելով «Հըզբոլլահի» ռեսուրսը։ Իրանը միայնակ կներգրավվի՞ այդ գործընթացում, բարդ է ասել։ Իմ կարծիքով, ինթիֆադան քիչ հավանական է, բայց բախումները կշարունակվեն։ Գլխավորը՝ թույլ չտալ արյունահեղություն։ Թերեւս, ժամանակի ընթացքում իրավիճակը կհանդարտվի, համենայնդեպս Իսրայելն իր կողմից կանի ամեն ինչ դրա համար, քանի որ մեկ այլ ճակատ ունի Իրանի դեմ Սիրիայում, եւ թույլ չի տա նոր գլխացավանք։

ԱՄՆ-ը հետ կկանգնի՞ իր որոշումից։

 Բարդ հարց է։ Հարցն այն է, թե արդյոք Թրամփը կկարողանա մնալ իր պաշտոնին, հաշվին առնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դավաճանություն հայրենիքին, եւ ստուգումները, որոնք կլինեն ՄԱԿ-ի կոմիտեում հունվարին։ Առկա է Թրամփի իմփիչմենթի հարցը, եւ այդ դեպքում նման որոշումը կտարածվի նաեւ փոխնախագահի, ապա նաեւ մյուս ընտրված նախագահի վրա։ Արդեն կստեղծվի ստատուս քվո, եւ ամերիկացիները դրա հետ ոչինչ չեն կարող անել, այսինքն բարդ կլինի նահանջ քայլ կատարել, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը դրան կգնա։

Նախօրեին Հայաստանի ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ մեկնաբանությամբ՝ նշելով, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում» եւ որ Հայաստանը ուշադիր հետեւում է Երուսաղեմին առնչվող ոլոր զարգացումներին։ Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դեմ է հանդես եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշմանը՝ նշելով, որ այդ որոշումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին եւ պատմական իրողություններին։ Ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում ինչպիսին պետք է լինի պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եւ ինչպես այդ ամենը կանդրադառնա Հայաստանի վրա։

Հայաստանն այստեղ հայտնվել է բավական նուրբ իրավիճակում, բայց Ադրբեջանն ավելի նուրբ իրավիճակում է։ Այսինքն Երեւանի համար գլխացավանքն ավելի քիչ է, քան Բաքվի։ Իրականում այս հարցում փոխզիջումային տարբերակը Ռուսաստանի դիրքորոշումն է, որը դեռ ապրիլին հայտարարել էր, որ Արեւմտյան Երուսաղեմը թող լինի Իսրայելի մայրաքաղաք, իսկ Արեւելյան Երուսաղեմը կլինի ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքը։ Արդեն 2 օր առաջ ռուս դեսպանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է դեսպանատունը տեղափոխել Արեւմտյան Երուսաղեմ։ Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է կտրուկ իսրայելամետ կամ պաղեստինամետ դիրքորոշում որդեգրի, քանի որ դա հղի կլինի քաղաքական հետեւանքներով։ Եթե, ասենք, Հայաստանը իսրայելամետ դիրքորոշում որդեգրի՝ դրանով աջակցելով ԱՄՆ-ին, այստեղ հարց կառաջանա Իրանի հետ, որը կարող է կոշտ արձագանքել։ Եթե Հայաստանը պաղեստինամետ դիրքորոշում ունենա, թեեւ դա քիչ հավանական է, հարց կառաջանա Իսրայելի հետ, որն ամրացրել է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Հետեւաբար, այս պահին Հայաստանի համար առավել ձեռնտու կլինի սպասողական դիրքորոշումը։

Երուսաղեմում հայերը բազմադարյա ներկայություն եւ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեն։ Հայ առաքելական եկեղեցին սուրբ վայրերի պահապաններից մեկն է։ Ինչպե՞ս նրանց վրա կանդրադառնա Դոնալդ Թրամփի որոշումը։

Ես չեմ կարծում, որ հետեւանքներ կլինեն քրիստոնյա թաղամասերի, այդ թվում հայկական թաղամասի համար։ Այստեղ ես որեւէ վտանգ չեմ տեսնում։ Հայաստանի առջեւ կկանգնի հարցը, թե երբ Իսրայելի հետ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Իսրայելի տարածքում կբացվի Հայաստանի դեսպանատուն։ Ահա այստեղ Հայաստանի համար բարդ իրավիճակ կստեղծվի։ Հետեւաբար Հայաստանը սպասողական դիրքորոշում կորդեգրի։ Միտումները ցույց են տալիս, որ դեսպանատների մի մասը կտեղափոխվեն Արեւմտյան Երուսաղեմ, Հայաստանը նույնպես կարող է այնտեղ դեսպանատուն բացել։ Երուսաղեմում հայկական թաղամասերի համար ուղղակի վտանգ դեռեւս չկա, այնպես որ Հայաստանն ավելի լավ կանի դեռ սպասի։

Մարիա Հովսեփյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ