News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա կապիտան Արտյոմ Ավետիսյանի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան գործով ամբաստանյալների բնութագրերի հետ կապված: Վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալներից Գնել Թեւոսյանը եւ Մովսես Ազարյանը վատ առաջադիմություն են ունեցել, իսկ Վաչեն եւ Նորիկ Սահակյաննները՝ լավ: Վկան պատմել է, որ Վաչեն եւ Նորիկը մոտ ընկերներ են եղել, Վաչեն ամեն ինչ արել է, որպեսզի Նորիկն ընկերություն անի իր հետ. «Քծնում էր անընդհատ Նորիկին, որ հետն ընկերություն անի: Հայկազ Բարսեղյանը չեզոք հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ, երբ Վաչեն «մարտկոց շարվի» հրաման էր տալիս, Հայկազն ամենաուշն էր մոտենում շարքին, իսկ մյուս հրամանատարների հրամանի դեպքում` ամենաշուտը: Կարծես ցույց էր տալիս, որ արհամարհւմ է Վաչեին»:

Իսկ դատարանում բնութագրելով ամբաստանյալներին, վկան նշել է, որ Նորիկը, Գնելը եւ Վաչեն եղել են լավ հրամանատարներ. «Անմիջական ենթականերս չեն եղել, բայց ես գիտեմ ու ծառայողական առումով լավ եմ գնահատվում: Ուսման առումով իրարից տարբերվում էին, Ազարյանը եւ Գնելը ուսման մեջ թերացել են, լավ չէին սովորում, բայց հասցնում էին»:

Բացի այդ վկան նախաքննության ընթացքում պատմել է, որ 2015թ. հունվարի 28-ին՝ սպանության գիշերը, տեսել է Հայկազ Բարսեղյանին. նա ձեռքին շիշ վերադառնալիս է եղել զուգարանից: Ինքը հարցրել է, թե որտեղի՞ց է վերադառնում, Հայկազը պատասխանել է՝ զուգարանից. «Քնելուց առաջ ննջարանում տեսել եմ, որ բոլորի ծածկոցներն ուռած են, ինձ թվացել է, որ բոլորը տեղում են»:

Հունվարի 29-ի առավոտյան հերթապահ Թելման Մխիթարյանը մտել է ներս ու ասել՝ Հայկազը չկա, անկողինն ամբողջությամբ արյուն է. «Երբ ձայն տվեցի Վաչեին, որ արթնանա, նա համազգեստով մահճակալին պառկած էր , սփրթնած, վախեցած: Հետո արդեն սկսել ենք Հայկազի որոնման գործընթացը»:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Ամենաշատ