News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անհնար է, որ գնաճը բացասական ազդակ չունենա այս կամ այն խավի վրա, գների բարձրացումն ազդում է սպառողների, այդ թվում անապահով խավի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի հայտարարություններին, ըստ որոնց քանի որ աղքատ մարդիկ միս չեն գնում, մսի թանկացումը նրանց վրա չի ազդի, նախարարը նշեց, որ նրանք այլ բան են ցանկացել բացատրել:

«Հարաբերականորեն է ազդում, այ դա են մեր գործընկերները փորձել բացատրել, այսինքն, թե ինչպիսի սպառողական զամբյուղ կա մարդկանց մոտ: Ցանկացած սպառող էլ որոշակի զամբյուղ ունի, օրինակ՝ ես իմ սպառման զամբյուղի մեջ Ա եւ Գ ապրանքներն ավելի շատ եմ օգտագործում, քան մյուսը: Հետեւաբար, գների բարձրացումը երկուսիս վրա հարաբերական է ազդելու,  մեկն ավելի շատ է զգալու, քան՝ մյուսը: Կարծում եմ՝ գործընկերներս սա են ցանկացել բացատրել»,- ասաց նա:

Վարդան Արամյանը կոչ արեց սուր չընդունել այդ հայտարարությունները. «Ժողովուրդ ջան, էդպես մի ընդունեք։ Ես անձամբ եւ՛ Խոսրով Հարությունյանին եմ ճանաչում եմ, եւ՛ ճանաչում եմ Հակոբ Հակոբյանին, ես վստահ եմ, որ երկուսն էլ մեծամտորեն կյանքում չէին կարող արտահայտվել հանրության նկատմամբ։ Բացառվում է դա, ես դա բացառում եմ։ Ասեմ ավելին՝ քննարկումների ժամանակ երկու մեր պատգամավորներն էլ մշտապես խոսում են բնակչությանը հուզող խնդիրներից։ Բայց ասել, որ իրենք մեծամտություն են դրսեւորել, հեգնել են, ես չեմ կարծում, որ էդպես է»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից»։

Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդ սովոր է կարտոֆիլ օգտագործել, ապա, միեւնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ նա գումար չունի միս գնելու ու շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։

Տպել
Ամենաշատ