News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2015թ.-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ մարդու իրավունքերի խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ: Որպես հաջորդ քայլ՝ կրկին մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: 2015թ.-ից սկսած՝ դեկտեմբերի 9-ը դարձել է այս զարհուրելի հանցագործության կրկնվելու դեմ մեր հավաքական վճռականության դրսեւորման նշանակալի հարթակ: Այն նաեւ կարեւոր առաքելություն ունի մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու եւ կրթությունը խրախուսելու ուղղությամբ:

Երեք օր առաջ Հիշատակման օրվա առիթվ արված իմ հայտարարության մեջ շեշտեցի, որ «մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլեւս երբեք»-ը լինի համամարդկային խոստում, որը հարգվում եւ պահպանվում է բոլորի կողմից»:

Ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովրդների բարոյական պարտականությունն է կանգնած լինել ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի առաջնագծում: Այս առումով մեր իրականացրած գործունեությունը միջազգային ճանաչում է ստանում, ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կարեւորությունը պաշտպանելու գործում»:

Տիկնայք եւ պարոնայք,

Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երեւանում հյուրընկալել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը:

Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարեւոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Այն, ինչին ականատես ենք լինում այսօր, մասնավորապես Մերձավոր Արեւելքում, կապված էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների հետ, բացահայտորեն վկայում է Կոնվենցիայի արդիականությունը, որը հստակ սահմանել է պատժելի գործողությունները, ներառյալ` հանցակցությունը:

Հայաստանն այն առաջին պետություններից էր, որ բարձրաձայնեց այդ խնդրի մասին` կոչ անելով ամրապնդել կանխարգելման միջազգային մեխանիզմները: Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին եւ խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպմամբ եւ Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երեւանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում:

Բռնությունները Մերձավոր Արեւելքում չեն շրջանցել հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիայի եւ Միջերկրյածովյան տարածաշրջանի բազմամշակութային եւ բազմակրոն խճանկարի մաս են կազմում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցները եւ մշակութային հաստատություններ: Մեր հայրենակիցներից շատերը զոհվել են ահաբեկչական գործողությունների արդունքում, իսկ ոմանք` ստիպված թողել են իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստականներ են ապաստան գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդը Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Մարդասիրական օգնության շարունակական տրամադրմամբ փորձել ենք նաեւ աջակցել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն Սիրիայում:

Տիկնայք եւ պարոնայք,

Քանի որ անվտանգության եւ կայունության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր անկյուններում, առանցքային է դառնում դրանց դիամգրավելուն ուղղված միջազգային ջանքերն առավել արդյունավետ դարձնելը: Հենց այդ ընկալմամբ է Հայաստանը մասնակցում ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ գործողությունների` այդպիսով գործնականում նպաստելով միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականը այս առումով նշել էր, որ «Հայաստանի աջակցությունը կարեւոր է ոչ միայն իր ներդրման, այլեւ հայոց պատմության եւ դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցման մասին վկայում է ներկա եւ նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությունը՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան (UNIFIL), Մալի (MINUSMA):

Բարձր ենք գնահատում, որ Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններում իր առաջին քայլերը կարատել է Հունաստանի աջակցության շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ