News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նա, ով չի ցանկանում տեսնել, երբեք չի տեսնի: NEWS.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց Սերժ Սարգսյանի այն արտահայտությանը, որ ԵՏՄ-ից դուրս գալու ընդդիմության առաջարկում ռացիոնալություն չի տեսնում:

«Մենք բազմիցս ներկայացրել ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի մի շարք փաստարկներ, որոնք հիմք են ծառայում, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ի պես անհեռանկարային կառույցից: Եթե մենք իսկապես չունենայինք փաստարկներ, ապա ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելով Սերժ Սարգսյանը չէր պատասխանի «Ելք»-ի այս կամ այն դիրքորոշմանը: Տնտեսապես տկար, քաղաքականապես ավտորիտար երկրների այդ ակումբը չի համապատասխանում Հայաստանի մասին ունեցած մեր տեսլականի հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով նախագահի հարցազրույցի այն հատվածին, որ «Ելք»-ը որոշակի շահերի ծառայելու ցանկություն ունի, Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք միմիայն Հայաստանի եւ հայաստանցիների շահերին են ծառայում:

«Մենք ծառայում ենք շատ կոնկրետ շահերի՝ դա Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների շահերն են: Եթե ոմանք մեր պետության ու քաղաքացիների շահերը իրենցը չեն համարում, ապա դա շատ անհանգստացնող է Հայաստանի համար»,- հավելեց նա:

Նշենք, որ օրերս «Արմենիա հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ ԵՏՄ-ից դուրս գալու ընդդիմության առաջարկում ռացիոնալություն չի տեսնում: Ասել էր. «Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչեւ վերջ չտիրապետելուց, բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որեւէ լուրջ փաստարկ չեմ լսել»։

Տպել
Ամենաշատ