News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հացադուլ անող ուսանողներին հորդորում է դադարեցնել ծայրահեղ քայլը։  Ուսման տարկետման իրավունքի վերականգնման պահանջով վերսկսված պայքարը նա  ժամանակավրեպ է համարում։ Հիշեցնենք, որ այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները  վերսկսել են պայքարը, նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տեւած  բանակցությունները անպտուղ են անցել, իրենց առաջարկները չեն ընդունվել։ Ուսանողները որոշել են չհանձնվել եւ ծայրահեղ քայլերի դիմել մինչեւ հաշվի նստեն իրենց պահանջի հետ։ Նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրա Ավագյանը այսօր վաղ առավոտից փակվել են Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում եւ հայտարարել անժամկետ հացադուլ։ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ իշխանության ներկայացուցիչները չնչին զիջումների էին գնալու, ինչը չէր գոհացնելու ուսանողներին։ Իսկ ուսանողները հիմնավորում են, թե խնդրին կառուցողական մոտեցում են ցուցաբերել եւ փորձել են երկխոսությամբ հասնել լուծման։

«Ես հորդորում եմ հրաժարվել ծայրահեղ մեթոդից եւ միշտ ասել եմ՝ հացադուլի ինստիտուտը մենք անընդհատ արժեզրկել ենք, դա պայքարի լուրջ ինստիտուտ է, եւ մի քանի ժամով, մի քանի օրով հացադուլ անել եւ անհասկանալի, ծիծաղելի պատճառով դուրս գալ հացադուլից, պայքարի ձեւը իմաստազրկվում է»,–ասաց Արայիկ Հարությունյանը։

Մեր հարցին՝ ի՞նչ ճանապարհով պահանջը ներկայացնեն իշխանությանը, պատասխանեց. «Պայքարի մեթոդների մասին ըստ իրավիճակի պետք է քննարկել։ Եթե դեմ էին այս օրենքի ընդունմանը, պիտի ավելի վաղ սկսեին։ Կարծում եմ՝ պայքարը ուշացած էր, օրենքի ընդունումը մտել էր վերջնական փուլ, որից հետո պայքարի բուն փուլը սկսվեց։ Հիմա էլ երկրորդ փուլն է։ Նախորդ անգամ նման կերպ ընդհատել հացադուլը, իշխանության հետ բանակցությունների մեջ մտնել, որից հետո շարունակել, դա զգալի բաց է...»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ուսանողների  պայքարն ինչ–որ չափով արդեն անիմաստ է։ Այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը հորդորեց ուսանողներին դադարեցնել հացադուլը։

Տպել
Ամենաշատ