Պոլսո պատրիարքի ընտրություններին մասնակցելու առաջարկ ենք ուղարկել 11 հոգեւորականի, սակայն, նրանց մի մասը դեռ չի պատասխանել: Այս մասին NEWS.am-ին ասաց Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, եւս մի քանիսը պատասխանել են, որ մասնակցելու են ընտրություններին, մյուսներից դեռ պատասխան չունենք»,- ասաց Գարեգին արք. Բեկչյանը:
Նշենք, որ ընտրությունները ի սկզբանե նախատեսված էր դեկտեմբերի 13-ին, սակայն, չկայացան, քանի որ Թուրքիայի իշխանություններից դեռեւս գրավոր պատասխան չի ստացվել:
Մեր հարցին, թե ինչպես է գնահատում իր հնարավորությունները, Պոլսո հայոց պատրիարքական տեղապահն արձագանքեց. «Ժողովրդին պետք է հարցնեք, թե ինչ են մտածում իմ մասին»: