News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինացի 32-ամյա Ակա Լին ընտանիքի հետ ապրում է Ջավախքի հայաբնակ Նինոծմինդա քաղաքում: Լին այստեղ սեփական խանութն է բացել ու արդեն մեկ տարի զբաղվում է տնտեսական ապրանքների առեւտրով:

Հայաբնակ փոքրիկ քաղաքի խանութներից մեկում ինձ համար Լիին հանդիպելն անակնկալ էր, ավելի անսպասելի էր, երբ նա սկսեց հայերեն խոսել ` Ախալքալաքի բարբառով. «Էս տոնածառը 35 լարի կծախեմ, եթե կուզեք` կրնաք տեսնիլ»:

Ակա Լին պատմեց, որ Չինաստանի Շանհայ քաղաքից ընտանիքի հետ Վրաստան է եկել 5 տարի առաջ, 4 տարի Ախլցխայում ապրելուց հետո որոշել է Նինոծմինդայում բացել սեփական բիզնեսը: Հայերեն սովորել է հայ հաճախորդների հետ շփվելու ընթացքում, ասում է` շատ հեշտ է, տառերն էլ է շուտով սովորելու: 5 տարիների ընթացքում Լին հասցրել է նաեւ սովորել վրացերեն, ոչ միայն խոսում է, նաեւ գրում. «Ինձի համար երկու լեզուն էլ շատ հեշտ են, ժողովրդի հետ շփվելով եմ սորվել, որ իրենց հասկնամ, թե ինչ կուզեն առնել»:

Ակա Լիի խոսքով, Նինոծմինդայում, ճիշտ է բիզնեսը չի ծաղկում, բայց դժգոհ էլ չէ. կարողանում է վաստակել այնքան, որ Չինաստան վերադառնալու մասին դեռ չի մտածում: Հայաբնակ փոքրիկ քաղաքում նրան ամենաշատը դուր է գալիս մարդկանց ջերմությունը, անկեղծությունը, համով սնունդն ու մաքուր օդը. «Ես արդեն շատ մարդկանց կճանչեմ, շատ լավ մարդիկ են, միշտ հարցնում են` ինչղ եմ, գործերս ինչղ են»:

Չինացի առեւտրականին Նինոծմինդայում գրեթե բոլորն են ճանաչում, չնայած նրա խանութն անուն չունի, բայց այն նինոծմինդացիների շրջանում  հայտնի է «չինացու քով» անունով: Նրա` քաղաքում հայտնվելը կարծես նինոծմինդացիներին էլ է ոգեւորել, Լիի մասին հարցնելիս շատերը կատակով պատասխանում են` «Չինացին որ եկել է, ուրեմն ամեն ինչ կորած չէ, իստից հեռացածներն էլ հետ գուքան շուտով…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ