News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»:

«Լուսավոր Հայաստան»-ից NEWS.am-ին հայտնում են, որ ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձեւավորման, ընտրողների մտքերի եւ սրտերի վրա եւ տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ «Treffpunkteuropa»-ն նշում է նաեւ, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձեւավորման հարցերում։

Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետեւալ կերպ․ «36-ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչեւ այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել  է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է  նաեւ մեկ ամիս անց` մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը:

Ամսագիրը նշում է նաեւ․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել  իր երկրի եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջեւ կապը, ինչպես նաեւ Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես եւ տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արեւմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որեւէ տնտեսական միություն Ռուսաստանի եւ նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ եւ ուզում է լքել ԵԱՏՄ-ն»:

«Treffpunkteuropa»-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաեւ Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը,  Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը եւ ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ