News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում եւ ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին եւ ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաեւ զարգանալու եւ ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության եւ շնորհավորանքի համար՝ համակարծիք լինելով Նախագահի հետ, որ չնայած երկկողմ միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, սակայն դրանք շատ ամուր են՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների բարեկամությունը:

Դեսպան Դաղերը դրվատանքով է խոսել Լիբանանի հայ համայնքի մասին, որը ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Լիբանանն արդյունավետորեն համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը եւ Լիբանանի դեսպանը երկուստեք կարեւորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու գործարարների միջեւ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային արդի խնդիրներին եւ մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ