News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել. քննարկել են հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումները:

Նա ներկաներից պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի՝ լուծումներ ներկայացնել: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ պատկան մարմիններն ուղղակի պարտավոր են առանց հոգնելու մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

Նախագահը շեշտել է նաեւ, որ նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար, պետք է մշտապես կանխատեսում անեն եւ հավաստեն բոլորին, որ պետբյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են. եթե մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Նրա խոսքով՝ օբյեկտիվ թանկացումների դեպքում էլ պետք է մտածել, թե ինչպես պետք է մեղմել հետեւանքները: Սերժ Սարգսյանը դեղատոմս չի առաջարկել, բայց հիշեցրել է գյուղացիական տնտեսությունների կողմից դիզվառելիքի ձեռքբերման սուբսիդիայի մասին՝ նշելով, որ սա կարող է շարունակական բնույթ կրել:

Խորհրդակցության արդյունքներով նախագահը հանձնարարել է կազմել սոցիալապես կարեւոր ապրանքների ցանկ, շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը եւ առաջարկել միջոցառումներ՝ թանկացման ազդեցությունը մեղմելու համար: Կառավարությանը հանձնարարվել է նաեւ մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում եւ հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

«Սասնա ծռեր» 3-ի գործով նիստն այսօր լարված մթնոլորտում է անցել: 20 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը հյուծված է, առողջական վատ վիճակում է, եւ դատարանը պետք է ամեն ինչ անի, որ նրա պահանջը՝ «Նուբարաշեն»-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ հնարավորինս արագ կատարվի:

Արմեն Բիլյանն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: «Սասնա ծռերի» մյուս անդամներն ի աջակցություն Բիլյանի լքեցին նիստերի դահլիճը:

Նրանց աջակիցներն էլ գնացին քրեակատարողական վարչության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու, նրանք փորձեցին փակել նաեւ Արշակունյաց պողոտան, սակայն ոստիկանները նրանց հեռացրին ճանապարհի երթեւեկելի մասից:

Հայաստանում սուր շնչառական վարակների քանակն ավելացել է: Հունվարի 10-ի դրությամբ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, հոսպիտալացվել է 600 հիվանդ, մեծ մասը՝ մինչեւ 2 տարեկան երեխաներ: Մանկական հիվանդանոցների հիվանդասենյակներից յուրաքանչյուրում 8-10 երեխա է պառկած: Նրանց վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության. ծանր թոքաբորբով հիվանդներ չկան: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում օրական ստացիոնար բուժման էր դիմում 1000–1500 մարդ:

Ֆուտբոլային սկանդալ Հայաստանում: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հայտնել, որ նոյեմբերի 20-ին կայացած Լոռու Վանաձոր-Էրեբունի հանդիպմանը կազմակերպիչներն ու մասնակիցները, հնարավոր է, կաշառք տված կամ ստացած լինեն: Խաղն ավարտվել էր 5:0 հաշվով, իսկ ՈՒԵՖԱ-ի կողմից հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց էր կազմվել: Հենց դրա հիման վրա էլ հիմնավոր կասկածներ են առաջացել հնարավոր կաշառքի վերաբերյալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լոռու մարզում հունվարի 9-ին վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի եւ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդու միջեւ: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Վանաձորի խորտկարաններից մեկում Մարուքյանի եւ Դարբինյանի միջեւ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Կատարվածի վերաբերյալ կողմերը որեւէ մեկնաբանություն չեն անում, լռում են նաեւ իրավապահ մարմինները:

Արարատի մարզում էլ ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ: 25-ամյա հղի կինը հաղորդում է տվել, որ ամուսինը ծեծել է իրեն, ինչի հետեւանքով կորցրել է երեխային: Երիտասարդ ամուսինների վիճաբանությունը, սակայն, այսքանով չի ավարտվել: Կատարվում է հետաքննություն:

100 տարի անց Իրանում առաջին անգամ սարկավագուհի է ձեռնադրվել: Անի Քրիստի Մանվելյանը շուրջ 15 տարի է՝ ծառայում է եկեղեցում, բայց սարկավագուհի է ձեռնադրվել 2017 թվականի աշնանը:

Քալիֆորնիայում առնվազն 13 մարդ է զոհվել սողանքների եւ ջրհեղեղների հետեւանքով: Երեկվանից Հարավային Քալիֆորնիայում տեղատարափ անձրեւներ են, նահանգի մի քանի շրջաններում բնակիչները տարհանվել են: Չի բացառվում, որ զոհերի թիվը մոտ ապագայում կավելանա:

Դոլարն ու եվրոն շարունակում են թուլանալ: Հունվարի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 578, ռուբլունը՝ 8 դրամ 51 լումա, ֆունտինը՝ 654 դրամ:

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

 

Տպել
Ամենաշատ