News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպաններն այսօր` հունվարի 11-ին, միջնորդություն ներկայացրին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից լ ՀՀ ԱԱԾԾ Երեւանի քաղաքային վարչության պետ Տ. Հարությունյանի կողմից ներկայացրած եւ գաղտնազերված նյութերը պահանջելու մասին: Բացի այդ, միջնորդեցին տալ տեղեկատվություն, թե Հարությունյանի կողմից ներկայացված եւ գաղտանզերծված միջնորդությունները ինչ հերթականությամբ, որ ժամին են մուտք եղել, դրանց կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները ինչ հերթականությամբ եւ որ ժամին են կայացվել` դրանք քրեական գործին կցելու եւ դատարանում հետազոտելու համար:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Արա Ղազարյանը նաեւ միջնորդություն ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջելու եւ ստուգելու ԱԱԾ օպերատիվ հաշվառման գոծն ամբողջությամբ, մրցակցային դատավարության հնարավորություն ստեղծելու համար:

Մեղադրող Կարեն Բիշարյանն առարկեց ներկայացված միջնորդությունների դեմ:

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները, որից հետո Իշխան Բարսեղյանը ոտքի կանգնեց, դիմելով նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին ասաց` «Խղճում եմ ձեզ ուղղակի»: Դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացման տեսքով:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

 

Տպել
Ամենաշատ