News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե մի համայնքում ապրում է օրինակ, 30-50 մարդ, այդ մարդիկ նույնպես իրավունք ունեն օգտվելու միջհամայնքային տրանսպորտից: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու կառավարության նախաձեռնությանը:

«Ինչպես միշտ գաղափարը հետաքրքիր է, բայց արդյոք այն իրականանալի է: Մինչեւ հիմա Գյումրիում թաղամաս կա, որ տրանսպորտ չի գնում, որովհետեւ  բիզնես տեսակետից հետաքրքիր չէ: Եթե ուզում ենք մեկի համար մոնոպոլիա ստեղծել, դա մի հարց է, բայց եթե ուզում ենք միջհամայնքային տրանսպորտի խայտառակ վիճակը բարելավել, ուրեմն պետք է ասեք, թե ոնց եք անելու, որ շահագրգռեք մեկ օպերատորին, որի համար աննպատակահարմար է 30 հոգանոց գյուղը սպասարկելը: Ասում եք՝ ամեն ինչ անելու եք, որ սակագինը չբարձրանա: Բա որ էդ ֆոկուսի ձեւը գիտեք, հիմա ինչի՞ չեք անում: Հիմա, այս ձմեռվա սեզոնին բնակավայրեր կան, որ կտրվում են քաղաքակրթությունից, դառնում Ալյասկա եւ մինչեւ վերջին հալոցքը, հնարավոր չի անգամ սայլով մտնել: Բա որ ձեւը գիտեք, ինչի՞ եք սպասում դա տաք միասնական օպերատորին, նոր անեք: Ասեք, որ այս ամենը միտված է ոչ թե նրան, որ այս ոլորտն էլ մոնոպոլիզացնեք, վրան բանտիկ կապեք, նվիրեք ինչ-որ մեկին, այլ խնդիր է դրված այս իսկապես կարեւորագույն, բարձիթողի վիճակում գտնվող ոլորտը կարգավորել»,-հայտարարեզ Նաիրա Զոհրաբյանը:

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց. «Այսօր գիծ, գծատեր երեւույթները հնամաշ մնացուկներ են, ես վստահ չեմ, որ մեկ օպերատորի տանք, վերանալու են այդ երեւույթները: Էդ ո՞նց չեք թույլ տալու սակագների աճ: Եթե սեղմված գազի ակցիզը երեք անգամ աճել է, դրա վրա եկել է ԱԱՀ-ն, ու մեկ խմ-ի համար թանկացումը հասել է 20 դրամի, ի՞նչ եք անելու, շահութաբերությունն եք գցելո՞ւ: Այսինքն դուք տանում ենք շուկաների կենտրոնացմա՞ն, սա՞ է գրագետ քաղաքականությունը, որովհետեւ միայն խոշորները կարող են ցածր շահութաբերությամբ աշխատել, իսկ փոքրերը չեն կարող: Իսկ որակի ցածր լինելն էլ պայմանավորված է նրանով, որ չեն կարողանում ներդրումներ անել, սրանք փոխկապակցված են»:

Նշենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, ԱԺ-ում ներկայացնելով օրինագիծը նշել է, որ միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով նախատեսվում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը եւ դա վերապահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: «Այս նոր ծրագրով ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը: Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, մյուսները ավելի շատ: Մեր նպատակը արժանավայել փոխադրում ապահովելն է: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ»:

Ինչ վերաբերում է ուղերվարձի փոփոխությանը, փոխնախարարը նշել է, որ գինն այսօր ազատականացված է, բայց իրականում կա մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է գների գոյացումը եւ կա հնարավորություն վերահսկելու, որ անհարկի բարձր գներ չլինեն. «Եթե ներդրողի ծախսերի վերադարձը զրոյի մակարդակում է գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»:

Տպել
Ամենաշատ