News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսուհետեւ բուժաշխատողների նկատմամբ բռնության համար ավելի խիստ պատիժ կգործի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց օրինագծի հեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Մենք հեռու ենք այն մտքից, որ բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ պատասխանատվություն նախատեսող Քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո բուժաշխատողների հետ կապված բոլոր խնդիրները լուծվելու են, բայց համոզված ենք, որ սա զսպման մեխանիզմ է»,- նշել է նա: 

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ չէր ցանկանա, որ այս հոդվածը երբեւէ կիրառվի. «Մենք կարծում ենք, որ այդ նորմի կիրառությունը լինի կանխարգելիչ, ոչ թե այն դրվի կիրառության մեջ: Այդ հարցում բոլոր խմբակցությունների հետ կա համաձայնություն եւ ես վստահ եմ, որ նախագիծը կընդունվի  միաձայն»,-ասաց Թովմասյանը:

Նշենք, որ հիշյալ օրինագծով նախատեսվում է, փոփոխել Քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածը եւ ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն  գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով:

Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է  նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

Օրենքի նախագիծը քվեարկության կդրվի վաղը՝ հունվարի17-ի առավոտյան:

Որքա՞ն կարելի է. առողջապահության նախարարությունը բժիշկներին ծեծելու մասին

Երեւանում կրկին հարձակվել են «Շտապօգնության» բժշկի վրա

Սեռական բնույթի հայհոյանքներ՝ «Շտապօգնության» աշխատակիցների հասցեին. գործը դատարանում է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ