Ընդհանրապես անհատի կյանքին միջամտելը պետք է շատ խիստ կանոնակարգված ու սահմանափակված լինի, որ հնարավորություն չտա միջամտել մարդու անձնական կյանքին: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ իր մտահոգությունը հայտնելով, որ այդ օրինագծով կարող են մարդու ազատություններն ու իրավունքները լրջորեն սահմանափակվել:

Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո երկրի նխգահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, որ իբր բազմաթիվ ձայնագրություններ կան, բայց հետագայում ոչ մի ձայնագրություն չներկայացվեց:

Նա հարց ուղղեց օրինագիծը ներկայացվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, թե ինչպես է կիրառվելու օրենքը. «Դա ի՞նչ կարգով է արվելու եւ ի՞նչ մակարդակով՝ քաղաքական հաշվեհարդարների՞, թե՞ օրենքը պահպանելու համար»:

Ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց, որ տեսանկարահանումներն օգտագործվելու են զուտ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար, իսկ դրանք միտված են քաղաքացու կյանքը, գույքը ապահովելուն:

Փոխոստիկանապետի խոսքով, խոսքը միայն ճանապարհային երթեւեկության խախտումներին չի վերաբերում, այլ ոստիկանության կողմից տեսախցիկների հնարավորություններից օգտվելուն. «Մենք ունենք երեք կարգի նման միջոցներ՝ ստացիոնար արագաչափեր, քաղաքով մեկ սփռված տեսախցիկները եւ երրորդը՝ տեխնիկական միջոցները, որոնք կլինեն ոստիկանության ծառայողի ձեռքին կամ հագուստի վրա, կամ մեքենայով: Դրանք ծառայելու են բոլոր նպատակների համար՝ հանցագործություն բացահայտելու նպատակով:

Սահմանադրության 31-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել: Մենք հիմա սահմանափակում ենք օրենքով, բայց միայն այն նպատակով, որը նշում ենք օրենքում»,-ընդգծեց փոխոստիկանապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա: