News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունվարի 18-ին, իր նիստում բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր մանկապարտեզ հաջախող երեխա ունեցող ծնողներից մեկի համար աշխատաժամանակի ավարտ սահմանել ժամը 17.00-ն:

Հարցը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշեց, որ կառավարության եզրակացությամբ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, եւ առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն. «Նախագծով առաջարկվող կարգավորումը եւ հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը:

Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի եւ ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տեւողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով»:

Նախարարը նշեց նաեւ, որ նախագծի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից, եւ այդ կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին:

Միաժամանակ, կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից:

Նշենք, որ Լենա Նազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ ասված է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետեւանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ