Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունվարի 18-ին, մերժեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին ներկայացրած միջնորդությունը:
Իշխան Բարսեղյանը պնդում է, որ «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրության 4-րդ եւ 5-րդ էջերում առկա ստորագրությունն իրենը չէ: Իշխան Բարսեղյունն այսօր եւս մեկ անգամ հայտարարեց, որ այդ արձանագրությունն ինքը չի ստորագրել:
«Իմը չէ այդ ստորագրությունը եւ ավելին ասեմ` այդ փաստաթուղթը կեղծ է, այդ փաստաթուղթը կազմվել է ԱԱԾ քննիչ Արտյոմ Գրիգորյանի կողմից եւ այդ փաստաթուղթը կազմելու ժամանակ ոչ բոլորն են ներկա եղել: Նայեք ձայնագրությունները եւ ինքներդ կտեսնեք, կհամոզվեք»,-ասաց նա:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:











