News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին:

Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջեւ: Կարծես թե, տարբերություններն «ավելի շատ են»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակըներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը ։

«Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ բաներ չեխին կարող են թվալ անըմբռնելի, սակայն շատ բաներ էլ մոտ են մեզ: Ասում են, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ իմ հայրենիք Չեխիան չես կարող հասկանալ բանականության միջոցով:

Այժմ ես ապրում եմ Վանաձորում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում, որպես Եվրոպական կամավորական ծառայության ծրագրի մասնակից: Ներգրավված եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատանքներին, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավաբանական օգնություն տրամադրելուն: Ես մասնակցում եմ կազմակերպության ծրագրերին եւ ամսագրերում զեկույցներ, հոդվածներ ու չեխ ընթերցողների համար քաղաքական հոդվածներ գրելուն: Ես բնակվում եմ այստեղ արդեն մեկ ամիս եւ այս ընթացքում որոշ եզրակացությունների եմ հանգել վանաձորյան կենսակերպի մասին:

Վանաձորը դասական իմաստով քաղաք չէ. այն ավելի նման է երկար, բնակեցված փողոցի, որտեղ բոլորը գիտեն բոլորին: Ի դեպ, սա նշանակում է, որ բոլորն արդեն գիտեն մեզ՝ քաղաքի երեք օտարերկրացիներին: Առաջին շաբաթվա ընթացքում տեղացիները շրջվում էին՝ մեզ նայելու, սակայն որոշ ժամանակ անց նրանք անգամ դադարեցին շուկայում մեզնից  երկու անգամ շատ գումար գանձելը, քանի որ սկսեցին մեզ Վանաձորի գույքացուցակի մաս համարել:

Գիտակցածս երեւույթներից մեկն այն էր, որ Հայաստանում գործող մի համակարգ կա, որը ես անվանում եմ «հարցնելու մշակույթ»: Այստեղ գրեթե ոչ մի նշան, ցուցանակ, անուն եւ առավել եւս ժամատախտակ չկա: Պետք է հարցնես որեւէ մեկին, թե որտեղ է ավտոբուսի կայարանը (որովհետեւ եթե անգամ կանգնած ես դրա առջեւ, չես գիտակցում դա): Նաեւ պետք է հարցնես, թե որ «մարշրուտկան» (շատ հին միկրոավտոբուս, որում անընդհատ այն զգացողությունն ունես, թե փոխադրամիջոցը յուրաքանչյուր պահի կարող է կտոր-կտոր լինել, սակայն այն ինչ-որ կերպ ավելի հուսալի է թվում կովկասյան՝ ամերիկյան ատրակցիոն բլուրների նմանվող այս ճանապարհներին, քան նոր, փայլուն Մերսեդեսը, քանի որ այն երկար տարիներ անցել է այս ճանապարհները՝ դրանով իսկ արդարացնելով իրեն) ուր է գնում: Առանց հարց ուղղելու դժվար է գիտակցել, թե արդյոք այն հանրային տրասպորտի միջոց է, թե անձնական օգտագործման միկրոավտոբուս: Մեկ այլ հարց է, թե որտեղ կարելի է տոմս գնել, եւ երբ է այն սկսում եւ ավարտում երթը: Ավելին, պետք է նաեւ խնդրել վարորդին կանգ առնել քեզ անհրաժեշտ կանգառում կամ հուշել, թե երբ պետք է իջնես:

Միշտ հարցեր տալու այս անհրաժեշտությունը եվրոպացուն, ով սովոր է հույսը դնել ինքն իր կամ Գուգլի վրա, թվում է անիրազեկություն: Մյուս կողմից, հարցնելու անհրաժեշտությունը բերում է մարդկանց հետ շփման, ում ընդհանրապես չեն անհանգստացնում քո հարցերը: Հակառակը, եթե փորձում ես որեւէ խնդիր ինքդ լուծել, նրանք զարմանում են, թե ինչու չես փոխարենը պարզապես հարցնում, հատկապես եթե սահուն տիրապետում ես տեղական լինգվա ֆրանկային՝ ռուսերենին:

Այնուամենայնիվ, ամենահաճելի զրույցը կարող է սկսվել մեկ հարցից: Այս զրույցից կարող ես պարզել, թե որ տեսարժան վայրերը միանշանակ չի կարելի բաց թողնել (այնուամենայնիվ, պետք է որեւէ մեկին հարցնես. հակառակ դեպքում երբեք չես կարողանա իմանալ դրանց մասին այլ ռեսուրսներից): Հնարավոր է նաեւ խորհուրդներ ստանաս տեղական ուտեստների կամ ռեստորանների մասին (որոնք չես կարող գտնել առանց հարցի եւ ստիպված ես փնտրել ամենաքիչը երեք այլ հարցերի օգնությամբ):

Զրուցակիցներդ կարող են տեղում տրանսպորտային միջոց տրամադրել քեզ: Հայերը շատ բարի են եւ պատրաստակամ օգնելու, հատկապես օտարերկրացիների հանդեպ: Նրանք սիրում են իրենց երկիրը եւ հպարտ են դրանով (այստեղ ամենատարածված նախադասությունը, որ կարող ես լսել, հետեւյալն է՝ «Հայաստանում է ամենալավ…»: Կարելի է նախադասությունը լրացնել ցանկացած բառով, որ ծագում է մտքում) եւ ցանկանում են այդ գաղափարը փոխանցել իրենց երկրի այցելուներին: Այդ պատճառով նրանք ջանք չեն խնայում հնարավորինս ցույց տալու իրենց հյուրընկալությունը, քանի որ իրենց երկրում հյուր ես:

Կցանկանայի եզրափակել հոդվածն իմ այստեղի առօրյա կյանքից մի փոքրիկ պատմությամբ.

Ժամացույցիս մարտկոցը փոխարինելու կարիք կար: Չեխիայում այս ծառայությունը տեւում է 10 րոպե, եւ դրա համար գանձվում է 2200 դրամ: Դժվար է հավատալ, թե դա ինչ մեծ խնդիր կարող է լինել Վանաձորում: Նախ ես ստիպված էի փողոցում հարցնել, թե որտեղ է ժամացույցների նորոգման խանութը: Այնուհետ ստիպված էի այլ հարցեր տալ այնտեղ հասնելու համար եւ մեկ այլ հարց՝ համոզվելու, որ կեղտոտ, ոչ թափանցիկ ու առանց որեւէ նշանի կամ ցուցանակի պատուհանով շինությունն իսկապես խանութն էր:

Ներսում մի խումբ մարդիկ կային, ովքեր ակնհայտորեն եկել էին՝ տարադրամ փոխանակողի հետ զրուցելու  (քանի որ ժամացույցների նորոգման խանութը տարադրամի փոխանակման կետի հետ կիսում էր ոչ միայն սենյակը, այլեւ վաճառասեղանը): Հետեւաբար, ես պետք է հարցնեի, թե ով ով է: Ժամացույցներ նորոգողը, ով բացակայում էր, վերադարձավ ծխախոտային ընդմիջումից 10 րոպե անց եւ խանութում գտնվող բոլոր մարդկանց ձեռքը սեղմելուց եւ նրանց կանանց, մայրերի ու շների… առողջական վիճակի մասին հարցնելուց հետո ասաց ինձ, որ մարտկոց չունի (ինչու՞ պետք է ունենար, եթե նա ժամացույցներ է նորոգում, այնպես չէ՞):

Այնուամենայնիվ, նա ինձ ժամացույցների նորոգման մեկ այլ խանութ խորհուրդ տվեց, որը հեռու չէր. ընդամենը 5 րոպեում կարելի էր քայելով հասնել: Լինում է, չի լինում յոթ հարց, եւ ես յոթ անգամ կորցրել էի ճանապարհս եւ ինձ արդեն զգում էի որպես քաղաքի մեծագույն հիմարը (ինչը հավանաբար հենց այդպես էր), երբ հանկարծ տեսա առանց ցուցանակի մի խուց: Շատ փոքր եւ փոշոտ սենյակում, որ կարծես մոտ էր փլուզվելուն, մարդ էր նստած եռոտանի աթոռին՝ ձեռքին ժամացույց: Հարցրեցի, թե արդյոք կփոխեր մարտկոցը, եւ նա համաձայնեց: Ինձ մեծագույն երջանկություն համակեց: Կովկասցի ծեր տղամարդը հարցրեց ինձ, թե որ մարտկոցն եմ նախընտրում՝ 100 դրամ արժողությամբ, թե 200 դրամ արժողությամբ մարտկոցը: Չեխի համար սա այսպիսի աշխատանքի դիմաց չափազանց քիչ է, սակայն որպես օտարերկրացի չես ցանկանա ոչ ժլատի, ոչ էլ շռայլի տպավորություն թողնել: Ես խորամանկաբար փորձեցի ժամանակ շահել՝ հարցնելով, թե որն է երկու մարտկոցների տարբերությունը:

Եթե տարբերություն չլիներ, նա ընդհանրապես չէր հարցնի՝ որն եմ նախընտրում: Մինչ այդ նա արդեն սկսել էր նորոգել ժամացույցը, երբ հարցրեց ինձ (ուշագրավ է, որ սա առաջին անգամն էր, որ ես չէի հարց ուղղողը), թե արդյոք էժան մարտկոցը հարմար կլինի: Ես լուռ գլխով արեցի՝ որպես համաձայնության նշան: Նա նայեց ինձ իր թավ ունքերի տակից եւ ասաց. «Բայց դու Ռուսաստանից չես»: Կրկին երջանկությունը համակեց ինձ: Իմ ժամանելուց ի վեր առաջին անգամն էր, որ ինձ ռուս չէին համարում: Մենք տասը րոպե տեւողությամբ հաճելի զրույց ունեցանք Հայաստանի մասին, այն մասին, թե, ի սեր Աստծո, ինչ եմ անում այստեղ՝ Վանաձորում եւ ինչու չեմ ամուսնացած այս տարիքում: Սրանք հարցեր են, որ ինձ հետեւում են ամբողջ պրակտիկայիս ընթացքում:

Տղամարդը փոխարինեց մարտկոցն ու անգամ չէր ցանկանում ծառայության համար գումար գանձել, քանի որ ես հյուր եմ իր երկրում, եւ հյուրերն արժանի են լավագույնին: Ահա այսպիսին է այս գեղեցիկ երկիրը:

Տպել
Ամենաշատ