News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը


«Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները՝ Գագիկ եւ Հովիկ Դիլաքյանները, տարիների ընթացքում կարծես նմանվել են մուլտֆիլմի ծերուկին: 1976թ.-ին, երբ ստեղծվում էր մուլտֆիլմը, Գագիկ Դիլաքյանը 24 տարեկան էր, եղբայրը՝ 26: 42 տարի անց Դիլաքյանները Հայաստանում են նոր ծրագրերով եւ նպատակներով: Ինչպե՞ս ստեղծվեց մուլտֆիլմը, ինչո՞ւ եղբայրները մեկնեցին ԱՄՆ՝ մշտական բնակության, ինչո՞վ են զբաղվել Դիլաքյաններն այս տասնամյակների ընթացքում, NEWS.am-ին տված հարցազրույցում պատմում են եղբայրները:

98 տարեկան մի մարդ ասաց, որ իր մանկության մուլտֆիլմն է «Գտնված երազը»

Գագիկ Դիլաքյան-   Երկուսս էլ աշխատում էինք կինոստուդիայում, տարին մի քանի ֆիլմ էին նկարահանում, ռեժիսորները պետք է սպասեին, մինչեւ իրենց հերթը գար: Հովիկի հերթն էր, բայց սցենար չունեինք, մի օր երեկոյան նստեցինք, մտածեցինք՝ ինչ անել, ինչ չանել, ու այդպես ստեղծվեց «Գտնված երազը»:

Հովիկ Դիլաքյան- Այդ հարցը մեզ շատ են տալիս, թե միտքը որտեղից է առաջացել: Կոնկրետ ինչ-որ բան չկա, որ ասենք՝ այ այստեղից ծնվեց գաղափարը: Իրոք, մուլտֆիլմը եկավ, դռները բացեց մեր առջեւ, ոնց որ մինչեւ հիմա էլ դռները բացելով գնում է: Ապշում ենք, որ մարդիկ ասում են՝ երեք սերունդ այդ մուլտֆիլմի ներքո ենք մեծացել: 98 տարեկան մի մարդ մեզ նույնիսկ ասաց, որ իր մանկության մուլտֆիլմն է «Գտնված երազը»: Մեկն էլ ասաց, որ մեր շնորհիվ է իր որդին ողջ, զարմացանք՝ ո՞նց, պարզվեց՝ մինչեւ այդ մուլտը չի նայում, հաց չի ուտում:

Գագիկ Դիլաքյան- Որդու կյանքը փրկել ենք էլի մենք... իսկապես շատ են մեզ ասում, որ մինչեւ մուլտը չնայեն, չեն քնի:

 

Դիլաքյան եղբայրները՝ «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծման տարիներին

«Գտնված երազը» սովետական սյուժե չուներ, վախենում էինք, որ կմերժեն

Գագիկ Դիլաքյան- Խորհրդային միության տարիներին շատ դժվար էր այդ տեսակ սցենարն առաջ անցկացնել, գրաքննություն գոյություն ուներ, «Գտնված երազն» էլ սովետական չէր, պիոներներ չկային, կենդանիներ, վատը, կախարդը, դրա համար վախենում էինք, որ չի անցնի, բայց միայն շատ թեթեւ փոփոխություններ արվեցին:

Հովիկ Դիլաքյան- Լիքը խանգարող բաներ կային, խոչընդոտներ, բայց մենք հաղթահարեցինք, պիտի ստեղծվեր այդ մուլտֆիլմն ու ստեղծվեց:

ԱՄՆ գնալը միգուցե մեր գտնված երազն էր

Հովիկ Դիլաքյան- «Գտնված երազի» գաղափարներից մեկն էլ հենց ազատությունն էր: Կոնկրետ իմ կյանքում իմ կինը հայտնվեց ու դարձավ այդ աղջիկը, ու ծերուկիս տարավ նկարի այն կողմը: ԽՍՀՄ-ում լավ չէր, մենք լավ էինք ապրում, հետաքրքիր էր մեր կյանքը, բայց որ այդքան բան էր արգելված, այդքան սահմանափակումներ կային, ավելին էինք ուզում անել, մի բանով տարբերվել, դրա համար մեկնեցի նախ ես, հետո եղբորս տարա, քրոջս, մորս...

Գագիկ Դիլաքյան- ԱՄՆ գնալը մեզ համար մանկուց երազանք է եղել, որը կատարվեց:

Հովիկ Դիլաքյան- Միգուցե դա էլ մեր գտնված երազն էր... իմ բախտը բերեց, որովհետեւ ես իրոք ԱՄՆ գնացի, ոչ թե ամերիկահայության մեջ: Ամեն ինչ արագ ստացվեց, մենեջեր հայտնվեց, ինձ առաջ տարավ, երկար տարիներ իլյուստրատոր էի, հետո Գագոն եկավ ու «մխտրեց» ամեն ինչ (ծիծաղում է- հեղ.): Հասկացանք, որ չենք կարող երկուսով անել դա:

Գագիկ Դիլաքյան- Այդ ոլորտը կամաց-կամաց մահանում էր, տեղը ֆոտոյին էր զիջում, այնպես որ փրկել եմ քեզ (ծիծաղում է-հեղ.) Այդպես սկսեցինք միասին աշխատել իմ գնալուց հետո: Ես գնացել եմ Հովիկի գնալուց 10 տարի հետո:

Մանկուց միասին ենք ամեն ինչ արել, մեզ որպես զույգ են տեսնում

Հովիկ Դիլաքյան- Մենք համապատասխան կրթություն չունենք, ինքներս ենք մեզ սովորեցրել: Գործընթացի մեջ ամեն ինչ սովորում ես՝ նկարել, գծել, քանդակել, սղոցել: Դեռ մանկուց միասին ենք ամեն ինչ արել, մեզ տեսնում են որպես զույգի, մենք էլ համարյա կուտը կերել ենք, ներկայանում ենք որպես զույգ:

Գագիկ Դիլաքյան- Լավ, զույգ ենք մենք, համոզեցիք...

Հովիկ Դիլաքյան Դեռ մանկուց մայրս մեզ նույն հագուստն է հագցրել, չափսերն իհարկե տարբեր են եղել, բայց միշտ նույնն ենք հագել: Մենք բացի եղբայր լինելուց նաեւ ընկերներ ենք: Եթե ես առանձին մի բան եմ նկարում, Գագոն անպայման պիտի իր հաստատումը տա: Նույնն էլ Գագոյի դեպքում է, ինքն էլ քանդակներ է անում, ֆոտո անում:

Գագիկ Դիլաքյան- Քանդակ չի կարելի անվանել, գետից փայտի կտորներ եմ հավաքում, որոնք երկար ջրի մեջ մնալով հետաքրքիր ձեւ են ստանում, դրանք եմ հավաքում ու ինչ-որ բան ստանում դրանցից: Մեկ էլ ֆոտո եմ անում, ուղղակի դեռ այնպիսի սարք չեն ստեղծել, որ երկուսով լուսանկարենք միաժամանակ (ծիծաղում է-հեղ.):

Սխալ է գտնել երազն ու հաստատվել դրա մեջ՝ սպասելով կոչումների

Գագիկ Դիլաքյան- Մեր երազը մի հատ չի, ամենակարեւորը գտել ենք, որ իրոք ապրում ենք այնտեղ, որտեղ ուզում ենք, ունենք ընտանիքներ, երեխաներ, թոռներ, բայց մենք մի քիչ անբավարար ենք, անընդհատ ուզում ենք ստեղծագործել, նոր երազանքներ լինեն, որ գտնենք:

Հովիկ Դիլաքյան- Սխալ է գտնել երազն ու հաստատվել դրա մեջ: Մեզ համար մոտիվացիա է, որ էլի ինչ-որ երազ, ճանապարհ, նպատակ լինի, որ շարունակես գնալ, սխալ է նստել ու սպասել կոչումների, մեդալների:

Հիմա որ ավելի հաճախ ենք գալիս Հայաստան, կուզենայինք անպայման շարունակել, որ կապը չկորի: Այստեղ լավ էներգետիկա կա, լավ երիտասարդություն, մենք էլ մեր «քյարթու» հալով մենակ երիտասարդների հետ ենք շփվում, որովհետեւ ավելի բաց են, հեղափոխական ոչ թե քաղաքական իմաստով, այլ որ պատրաստ են ինչ-որ փոփոխության, նոր սկզբի:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news