News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը:

Քանի որ այն սահմանադրական օրենք է, ապա այն ընդունելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների թվի 3/5-ի կողմ ձայները: Օրենսգրքին կողմ քվեարկեց 72 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ազատ կքվեարկի:

«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք դեմ են փաստաթղթին. «Այս օրենսգրքով ապահովված չէ դատավորնների ներքին անկախությունը: Նշվում է, որ եթե ՄԻԵԴ-ն արձանագրել է կոնվենցիայի խախտում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ: Այդ դեպքում պետք է նաեւ արդարադատության նախարարը պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ դատական ակտերի պաշտպանությունը, ինչպես նաեւ եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը»,-ասաց Զեյնալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական նոր օրենսգրքով ամրագրվում է, որ Երեւանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ 2019 թվականից ստեղծվելու է Սնանկության դատարան, որի նպատակն է լինելու սնանկության վարույթը դարձնել ավելի արդյունավետ։

Փոփոխությունների երկրորդ բլոկը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների ընդհանուր ժողովի միջեւ ֆունկցիաների տարանջատմանը, քանի որ վերանում է դատարանների նախագահների խուհուրդը։ Օրենսգրքում սահմանվել են էթիկայի կանոններ, որոնք հաստատելու է հենց դատավորների ինքնակառավարման մարմինը:

Օրենսգրքով կարգավորվել է բարձրագույն դատական  խորհրդի ձեւավորման կարգը։ Սահմանվել է մուտքը դատական իշխանություն՝ որակավորման ստուգումներ, խստացված պահանջներ դատավորի թեկնածուի համար։ Հավակնորդները պարտավոր են նաեւ օտար լեզուների տիրապետել։

Բացի այդ, օրենսգրքով սահմանվել է, որ ՄԻԵԴ-ում պարտվելու դեպքում դատավորների նկատմամբ կարող է վարույթ հարուցվել: Եթե մինչեւ հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում էր կայացնում մարդու իրավունքի խախտման վերաբերյալ, դա չէր առաջացնում պատասխանատվություն դատավորի համար, ապա նոր կարգավորումներով ՄԻԵԴ-ի որոշումները հիմք են հանդիսանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ