News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախ կառավարության ղեկավարին է ներկայացրել գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է նախորդ տարվա ընթացքում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ տպավորված է ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներով եւ նշել. «Տեխնիկական վերազինման աշխատանքները տպավորիչ են: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար: Նախարարը զեկուցել է նաեւ ԱԻՆ տեխնիկական պատրաստականության ներկայիս մակարդակի մասին, իրականում տպավորիչ է»:

 Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ նախարարությունը 2017-ին իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեսլականով եւ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագրով:  2018-ին ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները նպատակաուղղված են լինելու բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանը եւ վերացմանը, ինչը, որպես պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը: Տարվա ընթացքում նախատեսվում է շարունակել իրավական դաշտի կատարելագործումը` օրենքների միավորում մեկ օրենսգրքում, ինչպես նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի կատարելագործում եւ համապատասխանեցում: Նախարարը տեղեկացրել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել «աղետներին դիմակայունության օր»  կամ «Դիմակայուն Հայաստան»  խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվեն համապետական վարժանք, գիտաժողովներ, դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ եւ հիշատակման արարողություն: Դ. Տոնոյանի համոզմամբ, ԱԻՆ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ՀՀ–ում 2018թ. ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի եւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անվտանգ կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Զեկուցվել է, որ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում 2017թ. գրանցվել է 2.110.000 զանգ, զանգերի օրական միջին քանակը 5780 է:    ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք:

Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում եւ Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման եւ մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման եւ հետագայում դրանց ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275.000 դոլար:

Նախարարը նշել է, որ անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ կտարվեն Գյուղատնտեսության եւ Բնապահպանության նախարարությունների հետ՝ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման համատեղ պլանի մշակման, կանխարգելիչ համակարգերի ստեղծման, համատեղ ուսումնավարժությունների եւ վարժանքների անցկացման ուղղությամբ: Բուսածածկ եւ անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը եւ տարածումը կանխելու նպատակով կսերտացվի համագործակցությունն անտառտնտեսությունների եւ համայնքների հետ:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման նպատակով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնին ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով  ռուսական կողմը տրամադրել է 16 մլն դոլարին համարժեք աջակցություն: Ռուսական կողմից 2018-ին մատակարարումները շարունակվելու են: Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում տրամադրվել են 15 մլն դոլարի ամբողջովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենաներ, 3 ավտոսանդուղք եւ 1 շարժական արհեստանոց:  Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվեն  2 մլն դոլարի 10 արագ արձագանքման մեքենաներ: Զեկուցվել է նաեւ, որ կառուցվել են «911», «112», «101» թվային հեռախոսակապի լրացուցիչ  IP ցանցեր, որոնք կապահովեն «911», «112», «101» հեռախոսահամարների հասանելիության եռաստիճան պաշտպանվածություն: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ներդրվել է ահազանգերի սպասարկման թվային համակարգ («IP call center»), որը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման նպատակով հանրապետության համայնքներում փուլ առ փուլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ տեղադրվում են ժամանակակից ազդարարման սարքավորումներ:

Կարեն Կարապետյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների ոլորտում նորմատիվային դաշտի շարունակական բարելավումը, սեյմիկ անվտանգության, ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության ապահովումը, ԱԻ բնագավառի մասնագետների վերապատրաստումը եւ այլն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջնորդվում են կառավարության 2017-2022 թվականների ծրագրի առաջնահերթություններով, որոնք աստիճանաբար «միս ու արյուն են ստանում»: Նախարարը զեկուցել է նաեւ, որ արդեն իսկ ավարտվել է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության զննությանն ու ապահովմանը վերաբերող օրենսդրական փաթեթի եւ կառավարության որոշման նախագծի մշակումը, եւ առաջիկայում այն կառավարության քննարկմանը կներկայացվի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2018 թվականը, կարծում եմ, շատ կարեւոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջեւ ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք եւ իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատեւ, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն եւ ստեղծում են հաստատուն աճի հիմք: Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատեւությունից. Արտակարգ իրավիճակների նախարարությունում մենք կարճատեւ մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առկա է ներդրումների ներգրավման շուրջ 42 մլն դոլարի և 20 մլն եվրոյի կանխատեսվող ներուժ
Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման...
Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.86 դրամ…
Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ
Կոնկրետ նախագծերի ֆինանսավորման ծավալը կհասնի միլիոնների…
«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման
Մեր երկիրը սակավահող է, հետեւաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը...
Ռուսաստանում կոնյակի վաճառքը դանդաղել է
Տարիներ առաջ (2014 թվականին), ռուբլու կտրուկ թուլացումից հետո, կոնյակի արտահանողները լուրջ խնդիրներ ունեցան Ռուսաստանում դրա...
Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության...
Partner news