News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


99-ամյա Մարիա Տոնյանն այն եզակի կանանցից է, որ այս տարիքում էլ շարունակում է ակտիվ աշխատել: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հարմոնիա է դասավանդում: Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի է, Գինեսի ռեկորդակիր:

Տիկին Մարիան մեզ դիմավորում է իր դասասենյակում՝ հերթական դասից առաջ: 80 տարի է՝ հարմոնիա է դասավանդում, պատմում է, որ այսքան տարի անց էլ սիրով է երեխաների հետ աշխատում, սերն ու եռանդը չեն պակասել, հույս ունի՝ դեռ երկար տարիներ էլ սովորեցնել երեխաներին:

«Մանկավարժն առանց երեխային սիրելու իրավունք չունի դասավանդել, պետք է առաջին հերթին սիրես երեխային, համբերատար լինես, եթե կարիք կա, 10 անգամ էլ պիտի բացատրես նույն բանը»,- ասում է տիկին Մարիան:

99-ամյա կինը տարիքը չի զգում, ասում է՝ ամեն օր պարտադիր քայլում է, ֆիլմեր դիտում, խաչբառեր լուծում, իսկ առավոտյան մարզանքն էլ ապրելակերպ է դարձել: Եթե նույնիսկ առավոտյան վատ տրամադրությամբ է արթնանում, մարզանքից հետո ամեն ինչ տեղն է ընկնում. 10-15 րոպե մարզանքից հետո իրեն արդեն աշխույժ է զգում ու անցնում առօրյա գործերին. «Ես երիտասարդների հետ եմ աշխատում, դրա համար մշտապես երիտասարդ եմ ինձ զգում»: 

Տիկին Մարիան 3 երեխա, 7 թոռ, 12 ծոռ և 1 թոռան թոռ ունի. բոլորն էլ սերտորեն կապված են երաժշտական աշխարհի հետ: Հպարտությամբ հերթով պատմում է երեխաների, թոռների եւ ծոռների հասած հաջողությունների մասին: 99-ամյա կնոջ երեխաներն արդեն թոշակի են անցել, իսկ ինքը պատրաստվում է 100-ամյակն էլ նշել աշխատանքի վայրում:

«Ես իմ տնօրենին ասել եմ՝ եթե ուզում ես՝ կյանքս կրճատվի, ուղարկիր թոշակի»,- ծիծաղելով ասում է տիկին Մարիան:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ