News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված եւ համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար եւ նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաեւ Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ եւ իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առեւտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը եւս կարեւորել է տնտեսական համագործակցության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ եւ խորացմամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ