News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպը նախորդ միջադեպերից տարբերվում է նրանով, որ եթե նախորդ անգամներին ՀՀԿ-ականների կողմից լինում էին ռեպլիկներ տեղերից, կանոնակարգի խախտումներ, այս անգամ դա վերածվեց ֆիզիկական բռնությամբ զուգորդված անհասկանալի մի երեւույթի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, այս պարագայում մի կողմից գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, մյուս կողմից գործ ունենք մի ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ, չի խորշում նման երեւույթներից, որից տուժում է ավագանու հեղինակությունը, գործունեությունը: «Դրանից տուժում ենք նաեւ մենք, որովհետեւ մենք այսպես չենք պատկերացնում մեր գործունեությունը: Ես ներողություն եմ խնդրել, որ մենք չենք կարողացել կանխել դա: Ես մեղադրում եմ ՀՀԿ-ին բիրտ ուժ կիրառելու համար, միաժամանակ նշում եմ, որ մեզ համար խորթ է այն գործիքակազմը, որն ընտրել է «Երկիր Ծիրանին»,-ասաց Խաժակյանը:

Նրա հետ համաձայն չէր իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

«Որեւէ մեկը չի կարող քաղաքական գործչին զրկել ակցիաներ իրականացնելու իրավունքից: Այդ գործիքակազմից օգտվում է նաեւ «Ելք»-ը, երբ մարդկանց հանում է փողոց եւ թանկացումների դեմ երթեր է անցկացնում, փորձում է հանրային հուզումներ առաջացնել: Դուք ներկայացված եք թե ԱԺ-ում, թե Երեւանի ավագանիում, այդ դեպքում զերծ պահեք ձեզ նմանատիպ քայլերից, ընդհանրապես, որեւէ ակցիա, ցույց մի կազմակերպեք, եթե համարում եք, որ այդ գործիքակազմը քաղաքական գործունեությանը խորթ է»,-հայտարարեց նա:

Իրավապաշտպանը նկատեց, որ այստեղ առկա է նաեւ գենդերային բաղադրիչ. «Կանանց իրավունքներով զբաղվողներս համարում ենք, որ սա ուղղորդված գործողություն է նաեւ կին քաղաքական գործչի նկատմամբ, քանի որ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, երբ տղամարդիկ ձեռքները երկարացրել են կնոջ կրծքին եւ փորձ են արել քանդել նրա վերնազգեստը: Դա նաեւ հանրային նվաստացում է: Փաստորեն կինը բռնության է ենթարկվում փողոցում, տանը եւ հանրային վայրերում, այդ թվում քաղաքականության մեջ: Դրանով ամբողջանում է կանանց դեմ բռնության համակարգային բնույթը: Հատկանշական է, որ այդ հրահանգը տալիս է Տարոն Մարգարյանը՝ ասելով «դեմն առեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ