News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մալիի հետ, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում պատրաստակամ են ուսումնասիրելու տարբեր ոլորտներում Մալիի հետ համագործակցության հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 24 տարի առաջ, սակայն այս ընթացքում փոխգործակցություն է ձեւավորվել հիմնականում միջազգային հարթակներում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու համար, եւ հույս է հայտնել, որ դեսպան Կոնատեի նշանակմամբ հայ-մալիական երկկողմ հարաբերությունները կզարգանան:

Մալիի դեսպանը եւ նախագահ Սարգսյանը համակարծիք են եղել, որ Մալին եւ Հայաստանը, դառնալով անկախ պետություններ, ժառանգել են նաեւ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար ջանքեր են պահանջվում եւ վստահություն են հայտնել, որ երկու երկրներն էլ կհաղթահարեն այդ մարտահրավերները եւ կկառուցեն լավ ապագա:

Մալիի դեսպան Տիեֆինգ Կոնատեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար՝ վստահեցնելով, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի երկկողմ միջպետական կապերի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի նախագահին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին եւ շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Զրուցակիցները Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը եւս մեկ հարթակ են համարել համագործակցությունը Հայաստանի եւ Մալիի միջեւ լավագույնս զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ