News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում բնակվող բնակիչներն արդեն 4 տարի ապրում են գարշահոտության պայմաններում: Բնակիչների պնդմամբ, մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, սակայն, այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

«Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան: Բերդի կանալիզացիան փողոցով գալիս ա, սաղ հայաթներն ա լցվում: Ինֆեկցիայի բուն ա, անգամ պատուհանները բաց թողնել չենք կարողանում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին իրենք են փոխանցել կոյուղաջրով լցված տարաները, որպեսզի դրանք փոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Կանչում էինք՝ չէր գալիս, ասինք, որ տանի էդ բանկան տա իրան: Եթե էդ պաշտոնյաները ընդամենը 5-10 րոպեի ընթացքում էդ հոտից զզվեցին, վատացան, մենք 5 տարի էդ հոտին ո՞նց ենք դիմանում, մենք մարդ չե՞նք: Ի՞նչ շնորհք ա, որ կնոջ վրա ձեռք բարձրացնեն, ապտակեն, էդ տղամարդու անելու բան ա՞, հազիվ աքլորանում են, փոխանակ գործ անեն»:

Բնակիչների խոսքով, կոյուղաջրից առաջացած գարշահոտն անտանելի է  դառնում առավոտյան եւ ցերեկը ժամը 17:00-ին. «Իրիկունը հինգից հետո անհնար է դուրս գալ, ահավոր հոտ է ընկնում, երբ կալանավորներին լողացնում են էդ ժամին, ջուրը սաղ գալիս ա ստեղ, դուռ պատուհան սաղ փակում ենք, ներս ենք գնում»:

Բացի գարշահոտությունից բնակիչներին անհանգստացնում են մոծակները. տարբեր ձեւերով փորձում են պայքարել դրանց դեմ, բայց ոչինչ չի օգնում. «Մեծ մոծակներ կան, ամբողջ տունը արյունլվիկ ա լինում, սատկացնում ենք, որ երեխեքին չգզեն: Կծում են երեխեքին ինֆեկցիա կրող մոծակները, բայց ու՞մ պետքն ա... դեղեր ենք առնում, որ երեխեքին բուժենք, չհիվանդանան»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Երբ փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդամներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան:

Տպել
Ամենաշատ