News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1996 թվականին մեծ աղմուկ հանած «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հարազատները բաց նամակով դիմել են Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որտեղ պահանջում են ազատ արձակել նրան:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2014 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսեւորել է պատշաճ վարքագիծ,  եւ վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել: Սակայն, դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է:

Դատարանը հաշվի չի արել Արսենի քսաներեքամյա բանտային կենսագրության գծերը, արհամարհելով Արսենի ուղղվածությանը վերաբերող բոլոր փաստերը, որոնցից  է.

2007թ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը:

2013-2014թթ. 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ:

2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով, միաժամանակ ստեղծել է դասասենյակ «Նուբարաշենում», որտեղ կազմակերպել է անգլերենի դասընթացներ, 2005-2008թթ. նաեւ ցմահ ազատազրկվածների համար՝ համակարգչային դասընթացներ:

Մեր ֆինանսական աջակցությամբ Արսենը, տարբեր ժամանակներում, նախաձեռնել է բանտերում երկար տեսակցության, լողարանների, դասարանների, մարզարանների, գրադարանների ստեղծման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սակայն ահա, 2013 թվականից հետո Արսեն Արծրունին, սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցաւոր խպիպ II աստիճան հիvանդութեամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի: Այսինքն հիվանդությունը հիմա սպառնում է նրա կյանքին:

Օրեցօր Արսենի խնդիրը հայտնվում է համայն հայության եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ գործադրվող իրավական սխալներն ու ամոթալի բացթողումները հատել են անթույլատրելիության եւ անպատժելիության սահմանները:

Հարգելի պարոն Դավիթ Հարությունյան, Դուք 2017 թ. մայիս ամսից ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որը գործադիր իշխանության մարմին է եւ իրավունքի բնագավառում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Այսպիսով, Դուք կրում եք մեր հոր, ամուսնու, որդու, եղբոր եւ հարազատի՝ Արսեն Արծրունու նկատմամբ գործադրվող իրավական անթույլատրելի սխալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը եւ այն սրբագրելու անմիջական պարտականությունը ընկնում է Ձեր ուսերին:

Արդ, Ձեզանից պահանջում ենք ՀՀ օրենքի տառի անսխալ կատարում, որպեսզի Արսենը վերադառնայ իր ծննդավայր՝ Լիբանան ստանալու  կյանքին սպառնացող հիվանդության համապատասխան բժշկական օգնություն»:

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին դատապարտվել էր ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով եւ 17-99 հոդվածի 8-րդ կետով, որոնք համապատասխանում են 2003-ին ընդունված քրեական օրենսգրքի 222 հոդվածի առաջին մասին, 38 – 104 հոդվածի 1-ին մասին, 38- 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետերին:

Տպել
Ամենաշատ