Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնում է Daily Sabah պարբերականը:
«Մենք նիդերլանդցի քաղաքական գործիչներին կոչ ենք անում վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց չհիմնավորված վերաբերմունքը եւ պատմությունը չքաղաքականացնել»,- գրավոր հայտարարության մեջ նշել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Ըստ որում՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը նշել է, որ Նիդերլանդների կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նրա խոսքով՝ կառավարությունը «կշարունակի զսպվածություն հանդես բերել»:
Խորհրդարանականները նաեւ որոշել էին, որ կառավարությանը անդամը պետք է մասնակցի Երեւանում ապրիլին անցկացվող հիշատակի միջոցառումներին: