Երուսաղեմում 3 իրավատեր եկեղեցիները՝ հայկական, կաթոլիկ եւ ուղղափառ, չորեքշաբթի առավոտյան բացել են Հարության տաճարը՝ ավարտելով գրեթե եռօրյա բողոքի ակցիան ընդդեմ քաղաքապետարանի եկեղեցական գույքը հարկելու ծրագրերի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրբավայրի պահապանները վերականգնել են ուխտավորների մուտքը Հիսուսի պատժավայրին, ննջավայրին եւ հարության վայրին, երբ Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցություններ սկսել հարկումը կասեցնելու վեճի կարգավորման շուրջ:

Դարպասները բացելու էին  եկել հունական ուղղափառ, հայկական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք համատեղ են կառավարում տաճարը: Այս երեք եկեղեցիները բողոքի նախաձեռնողներն էին՝ հրաժարվելով ենթարկվել Երուսաղեմի քաղաքապետարանի՝ եկեղեցապատկան ամբողջ անշարժ գույքից հարկ գանձելու պահանջին, բացի աղոթավայրերից: Հաշվելով, որ եկեղեցիների ընդհանուր պարտքը քաղաքային բյուջեին գերազանցում է 186 մլն դոլարը՝ քաղաքապետարանը նրանց անցած տարիների համար տուգանք էր սահմանել եւ սկսել բանկային հաշիվների կալանումը:

Երեքշաբթի տարածված հայտարարության մեջ եկեղեցիների առաջնորդները շնորհակալություն են հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «կառուցողական միջամտության» համար եւ հայտարարել են միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ համագործակցության պատրաստակամության մասին, որը կզբաղվի փոխզիջման որոնմամբ:

Իսրայելը համաձայնվել է եկեղեցիներին ընդառաջ գնալ եւս մեկ վիճելի հարցում՝ սառեցնելով Երուսաղեմում հողատարծքների օտարումը, որոնք հունական պատրիարքությունը բազմամյա ժամկետով վարձակալության էր տվել 20-րդ դարի կեսին եւ պայմանագրի ժամկետը լրանալու նախաշեմին  զիջել էր նոր տերերին՝ այնտեղ կառուցված թաղամասերով:

Երուսաղեմում քրիստոնյա արաբները խիստ ազդեցիկ բողոքի ակցիա են արել Հարության տաճարի դիմաց

Երուսաղեմի քաղաքապետը կասեցրել է հարկերի մասին որոշումը, որը հանգեցրել էր Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը