News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը մի յուրօրինակ պատմական երեւույթ էր, որի կրկնությունը որեւէ մեկը չէր տեսել ու չէր լսել: ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուԱրմեն Սարգսյանը:

«Մենք այդ ժամանակ ԽՍՀՄ անձնագիր եինք կրում, բայց մեր սրտում կրում էինք անկախ Հայաստանի անձնագիրը: Բոլորս էինք կրում այդ անձնագիրը՝ սկսած Սիլվա Կապուտիկյանից, Վիկտոր Համբարձումյանից, Զորի Բալայանից մինչեւ Ազատության հրապարակում պայքարող յուրաքանչյուր քաղաքացի: Պայքարը սկսվեց ոչ միայն Արցախի ժողովրդի պաշտպանության համար, այլեւ ժամանակի ընթացքում վերածվեց անկախ Հայաստանի համար պայքարի, նաեւ ատոմակայանը փակելու պայքարի:

1988-ին ունեինք մեծ երազներ, մեզ թվում էր, կարող ենք հայրենքը պահել առանց ջուր ծախելով, կարծում էինք, որ կարող ենք ապրել առանց ատոմակայանի կամ էներգետիկայում առանց ժամանակակից տեխնոլոգիաների, բայց բոլորս վստահ էինք, որ մենք ճիշտ ենք»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նկատեց, որ իհարկե, անկախության 26 տարիները հեշտ չեն եղել, հեշտ չի եղել անհրաժեշտ մարդկային տնտեսական ու ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնել զուտ պաշտպանական խնդիրների վրա. «Հայաստանն ունի այսօր բանակ, որն իր տեսակով չի զիջում շատ եվրոպական բանակների, բայց այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է: Սակայն մենք արժանապատվությամբ կրում ենք այդ բեռը: Իհարկե, այս 26 տարիները հաղթանակների ու անհաջողությունների տարիներ են, բայց դա Արցախի պատերազմում մեծ հաղթանակի տարիներ են, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Տարիներ հետո մենք կրկին անգամ զգացինք հաղթանակի քաղցր համը: Մենք ունեցել ենք հաղթանակներ, Սարդարապատ, Բաշ Ապարան, բայց արցախյան հաղթանակը յուրօրինակ է, որով պետք է հպարտ լինենք»,-ընդգծեց նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով, 26 տարի առաջ Հայաստանը շատ ավելի փոքր էր իր տնտեսական հզորությամբ, բայց հասարակությունը շատ ավելի քիչ էր բեւեռացված. «Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ է, բայց ավելի բեւեռացված, եւ հաջողությունների կողքը ունենք աղքատություն, սոցիալական անվասարություն»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քնանրկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ