ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին զգուշացնում է, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում:
«Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացի մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման եւ փախստականի ճամփորդական փաստաթղթեր: Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Այս խաբեության հեղինակները կարող են տրամադրել փաստաթղթեր, որոնք արտաքուստ շատ նման են պաշտոնական փաստաթղթերի, սակայն դրանք կեղծ են: Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրություն ունեցողներին կոչ ենք անում զգույշ լինել նման կեղծարարներից»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Դեսպանատունը տեղեկացնում է, որ խաբեության հնարավոր զոհերը կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին: Բացի այդ՝ խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպանությանը: