News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ:

Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբեւէ չհանդիպած երեւույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ: Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ եւ նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների եւ սլավոնների հանդեպ:

Ծայրահեղական իսլամիստների մեդրեսեներում մանկուց դաստիարակում են նույն տիպի ատելություն «անհավատների» հանդեպ: Եթե գնանք դարերի խորքը, ապա չեմ կասկածում, որ նույնն է արվել տարբեր ազգերի պարագայում եւ նույնիսկ միեւնույն ազգի ներսում՝ ասենք, կաթոլիկների եւ բողոքականների փոխհարաբերություններում:

Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները եւ պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջեւան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով:

Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետեւյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ եւ ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյոք այդ տեղեկատվությունը խելքին մո՞տ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից:

Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա: Մեր հասարակությունն այլ հիվանդությամբ է տառապում, մեր մթին բնազդներն այլ տեղ են՝ սոցիալական ոլորտում: Այդ բնազդները պակաս վտանգավոր են, քան ազգային թշնամանքի սերմերը: Բայց ամբոխի ցասումը նույնքան հզոր է: Հատկապես ֆեյսբուքյան ամբոխի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ