News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փաստաբան Վահե Գրիգորյանը կարծում է, որ Փաստաբանների պալատի մենաշնորհը պետք է վերացնել:

Այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Պալատը վերածվել է լճացած, նեխած մի կառույցի, որը փաստաբանության թիվ մեկ խնդիրն է:

«Եթե 35 հոգին որոշում է, որ իրենք կարող են մեկ փաստաբանական կազմակերպության մեջ լինել, պետք է ազատորեն անեն դա: Պետք է մրցակցություն լինի, բոլոր փաստաբանները պետք է լինեն պալատի անդամ, չեն կարող պալատից դուրս լինել, բայց պետք է մրցակցություն լինի, պալատներ պետք է լինեն եւ փաստաբանը պետք է ընտրի՝ որին միանալ»,- ասաց նա:

Վահե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Փաստաբանի պալատի նախագահի այն հայտարարությանը, թե փաստաբանների մի խմբի հետ հակասություններից մեկն այն է, թե Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը տարածվում է նաեւ հանրային կյանքի վրա, թե ոչ: Նշենք, որ ըստ Արա Զոհրաբյանի, կանոնագիրքը տարածվում է ոչ միայն փաստաբանի մասնագիտական կյանքի, այլեւ հանրային կյանքի վրա:

«Երկրներ կան, որտեղ նաեւ անձնական կյանքի վրա է տարածվում»,- ասել էր Արա Զոհրաբյանը:

Ի դեպ, հենց այս սկզբունքով էլ մի խումբ փաստաբաններ կարգապահական պատասխանատվության են ենթարկվում սոցցանցերում արված գրառումների համար: Վահե Գրիգորյանը, սակայն, հակադարձում է՝ այդ բոլոր հարցերը շատ հստակ կարգավորված են եւ Փաստաբանության մասին օրենքով, եւ Փաստաբանների վարքագծի կանոնագրքով, եւ միջազգային փաստաթղթերով:

«Արա Զոհրաբյանի նախընտրությունների եւ ճաշակի հարցը չէ սա, Արա Զոհրաբյանի նման իրավունքից, իրականությունից, տրամաբանությունից կտրված դատողություններ անողները շատ-շատ են: Եթե Արա Զոհրաբյանը կարծում է, որ փաստաբանի հանրային վարքը նույնպես կարգավորվում է փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ապա պետք է փոխի այն պետությունը, որտեղ ինքն ապրում է, որովհետեւ կան երկրներ, որտեղ դա ընդունված է: Փաստաբանի վարքագծի կանոնագրի համաձայն՝ փաստաբանը հաշվետու է միայն մասնագիտական էթիկայի համար: Փաստաբանի անձնական, հանրային կյանքը քննարկման ենթակա չէ: Օրինակ, մարդ կա՝ իր ճաշակով է կապույտ կոստյում հագնելը, բայց դա չպետք է պարտադրվի բոլոր փաստաբաններին: Մարդիկ կան՝ գոմաղբ ուտողների մասնագետներ են, բայց դա չի վերաբերում բոլոր փաստաբաններին»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի հնչեցրած մեղադրանքներին, թե փաստաբաններն այնքան արեցին, որ օրենք ընդունվեց փաստաբաններին դատարանների կողմից տուգանելու վերաբերյալ, Վահե Գրիգորյանը նկատեց. «Դա զվարճալի միտք է, կարեւորը հետեւյալն է՝ եթե մեր ասածներին որեւէ ուշադրություն դարձրած լինեին, մեր խորհուրդներով առաջնորդված լինեին, մենք այսպիսի Պալատ չէինք ունենա: Մեր ասածն իրողության արձանագրումն է, երբ դու իրողության հետ հաշվի չես նստում, խնդիր ես տեսնում իրողությունը բարձրաձայնողի հետ, կարծում եմ՝ էստեղ խնդիրները մի քիչ այլ տեղում պետք է փնտրել»:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում կայացած միջազգային գիտաժողովի շրջանակում փաստաբան Վահե Գրիգորյանը բավականին կոշտ գնահատականներ է հնչեցրել Փաստաբանների պալատում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես նա նշել է, որ Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի եւ էականորեն վտանգում է փաստաբանի մասնագիտությունը Հայաստանում:

Տպել
Ամենաշատ